44-օրա պատերազմի զոհերի տարելիցը չլրացած, անհետ կորածներին եւ զոհվածներին վերջնական չգտած ու գերիներին Բաքվից դեռ հայրենիք չվերադարձրած Հայաստանի կառավարությունը որոշել է Երեւանի Հանրապետության հրապարակում անկախության 30-ամյակի առթիվ գունեղ համերգ կազմակերպել:

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում էր այս մասին տեղեկացրել:

Փաշինյանի այս ցանկությունն առաջացրել է պատերազմի զոհերի եւ անհետ կորածների հարազատներից շատերի  դգոհությունը: Նրանք եւ սոցալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր առաջարկում են այդ օրը համերգի փոխարեն գնալ Եռաբլուր:

Զոհերի հարազատները մեզ համերգի անցկացման վերաբերյալ փոխանցում են, որ համերգի անցկացումն անթույլատրելի են:  «Դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն»,- ասաց Խորեն Հաջաթյանի մայրը՝ Ասյա Սահակյանը, ով միացել է մի շարք ծնողների ֆեյսբուքում հայտարարված ֆլեշմոբին եւ նշեց.

«5000 անմեղ տղերք, անթիվ գերիներ, 2000 ավել առանց ձեռք ու ոտք տղերք, օրեցօր ավելացող հոգեկան խնդիրներով պատերազմից վերադարձած տղերք, Հայաստանով մեկ ծածանվող դրոշներ ու ի՞նչ այս գունագեղ միջոցառումն ու՞մ համար են անում: Մայրերի վերքին եւս մեկ անգամ աղ են ավելացնում»,- ասաց զոհվածի մայրը:

Զոհված զինծառայողի հայր Արմեն Ասրյանն էլ նշեց. «Եթե ուզում եք ուրախանալ՝ ուրախացեք, եթե համարում եք, որ արդեն ուրախանալու տեղ ունենք՝ գնացեք ուրախացեք, իսկ եթե ուզում եք զոհերին հարգել թող գնան Եռաբլուր, թող գնան տեսնեն կատարվածը: Եթե կան մարդիկ, որ ուզում են հրճվեն թող գնան հրապարակ, բայց թող իմանան, որ այդ օրը շատ ընտանիքներում լացելու են»:

ՀՀ կառավարությանից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին կայանքլիք Անկախության 30-ամյակի միջոցառմանը Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, ինչպես նաեւ կլինեն նոր կատարումներ: Միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով հարցին՝ ինչու են որոշել համերգ կազմակերպել, երբ երկիրը դեռ սգում է իր որդիների մահը, բազմաթիվ ծնողներ փնտրում են իրենց տղաներից մասունքեր, Քոչարյանը հնչող քննադատությունների առնչությամբ նշեց, որ հայ ազգին պատերազմից հետո վերականգնվել է պետք:

«Պատկերացրեք, որ մասշտաբային սիմֆոնիկ համերգ որտեղ կհնչի Տերտերյանի երաժշտությունը: Տերտերյանի երաժշտությունը շատ գունեղ է եւ շատ ոգեղեն է: Ինչ որ լիցքեր պետք են նաեւ մշակույթի լեզվով: Մեր տոները պետք է ինչ-որ ձեւ անպայման նշվեն, որովհետեւ հետպատերազմյան մեր կարիքների մեջ մեր հոգեբանական նկարագրի արթնացման խնդիրներ ունենք: Մենք չպետք է մեռանանք Եռաբլուրում թաղված մեր հերոսների, նրանց ընկերների ներկայությունը, որոնք մեզ կստիպեն հասնել վերջնական խաղաղության»,- ասաց նա:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ իշխանության արտահայտած յուրաքանչյուր խոսք, միտք առաջին հերթին պետք է նվիրված լինի  պատերազմում իրենց զավակներին կորցրած ընտանիքներին․ «Անկախությունը հենց այդ մարդիկ են։ Նրանք կորցրել են ոչ միայն իրենց զավակներին, այլև հայրենիքի մի մասը, որի համար էլ զոհվել են։ Եվ սա նրանք խորապես գիտակցում են։ Եթե այդ մարդիկ տոնի սիրտ չունեն, դուք էլ չպետք է ունենաք։ եթե ուշադրություն լիներ այդ մարդկանց նկատմամբ, այդպիսի արձագանք չէր լինի։ Դուք էլ ապրեք առանց գունագեղի և մաշտաբայինի։ Ուշադիր եղեք նրանց նկատմամբ և Հետմահու մեդալները փողոցներում մի բաժանեք»

Թե հրապրակում կայանալիք միջոցառման շրջանակներում ինչ է նախատեսվում եւ ովքեր են ներգրավված՝ հայտնի չէ: Միայն պարզ է, որ կազմակերպիչը «Դոմինո պրոդաքշն»-ն է: Այս ընկերությունից չեն հայտնում, թե որքան գումար են ստացել միջոցառումը կազմակերպելու համար, իսկ կառավարությունից էլ չեն պատասխանել գրավոր հարցմանը: Մամուլում շրջանառվում է մեկ միլիարդ դրամ ծախսելու մասին տեղեկություններ:

«Դոմինո փրոդաքշնը» նույն կազմակերպությունն է, որը նախընտրական շրջանում նկարել է ՔՊ-ի քարոզչական հոլովակները: Նշվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ այս ընկերության ղեկավար Աշոտ Առաքելյանը մտերիմներ են:

Ըստ գնումների համակարգի «Դոմինո պրոդաքշն»-ը խորոշ գումարների ծառայություններ է մատուցել պետական այլ կառույցների: 2019 թվականին 4,8 մլն դրամի ծառայություն է մատուցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այս գումարի շրջանակներում ընկերությունը նկարանաել է մի քանի տեսահոլովակ՝ 1-5 րոպե տեւողությամբ:  Մեկ այլ պայմանագրով էլ ԲՏԱ նախարարության ծառայություններ է մատուցել 1 մլն  200 հազար դրամի շրջանակներում: Նախարարության համար պատրաստվել է երկու րոպե տեւողությամբ տեսանյութ:  Նույն թվականին մեկ մլն դրամի ծառայություն է մատուցել նաեւ Կոտայքի մարզպետարանին, երբ մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Ռոմանոս Պետրոսյանը: Կազմակրպվել է գինու փառատոն:

Ի դեպ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 18-ի նիստում որոշում է կայացվել տուգանել սպառողներին մոլորեցրած «Դոմինո պրոդաքշն»-ն ընկերությանը, որն իրեն է վերագրել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները: ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ հաստատվել է հետևյալը. «Դոմինո վիդեո փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները՝ տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաև մրցանակները, որպես «Դոմինո փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է»:

Նիստում որոշվել է «Դոմինո փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1% չափով, որն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է, միաժամանակ հանձնարարելով մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները:

Թե ինչու է կառավարությունն առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով գնումներ կատարում, այն էլ այսպպիսի համբավ ունեցող ընկերությունից, տարակուսելի է:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest