«Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը! Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ»,-  ասված է «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ է հրապարակված:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Forrights-ին ասաց, որ ուրբաթ օրը «Ֆիզգորոդոկ»-ին վերաբերող նյութեր են եկել դատախազությունից։ Բողոքը ներկայացրել են թաղամասի բնակիչները։ «Հարուցված քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով։ Գործը հարուցված է քաղաքապետարանի և կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների նկատմամբ»։ Բացի սա, ըստ Թադևոսյանի, այլ գործ չկա ՔԿ ուղարկված։

Փաստորեն քրեական գործը հարուցված է, քննություն է կատարվում և սրան զուգահեռ Ռատկո ընկերությունը «ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ից արդեն 16 օր Ֆիզիկայի գիտվանում կատարվող անօրինականությունների դեմ հացադուլ են հայտարարել թաղամասի երկու բնակիչներ, որոնք պահանջներ են ներկայացրել քաղաքապետարանին:

«Քաղաքաշինական փաստաթղթերը պահանջված են եղել առաջին անգամ հուլիսի 29-ի գրությամբ, և օգոստոսի 9-ի պատասխանը պարունակել է սխալ տեղեկություն, որում արտացոլված է եղել միայն հին շինթույլտվությունը։ Դրանից հետո մենք կրկին բարձրացրել ենք մեր բողոքի ձայնը։ Քաղաքապետարանում առաջին հանդիպումը եղել է օգոստոսի 23-ին, երկրորդ հանդիպումը՝ օգոստոսի 26-ին, որի ժամանակ չեն տրամադրվել այդ փաստաթղթերը, և ես այդ օրը հացադուլ եմ հայտարարել։ Հաջորդ օրը փաստաբանին տեղեկություն են ուղարկել, որ պատրաստ են փաստաթղթերը, ստացել է օգոստոսի 28-ին, բայց նորից թերի, տրամադրված չեն եղել նախագծերը։ Նախագծի վերաբերյալ փաստաբանին ծանուցել են օգոստոսի 30-ին, և ամբողջությամբ ստացել է օգոստոսի 31-ին», -հացադուլի պահանջներն է ներկայացնում, մասնագիտությամբ իրավաբան, ֆիզիկայի գիտավանի բնակիչ Հայկ Հարությունյանը։ 

Մյուս պահանջը հողի կարգավիճակի մասին տեղեկությունն է, տեղեկանքը, որն, ըստ նրա, քաղաքապետարանը չի տրամադրում արդեն շատ վաղուց։ «Խոսքը գնում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) սահմանափակումների մասին»։

Հարությունյանն ասաց, որ իր և մյուս հացադուլ անող Կարեն Ամիրխանյանի ինքնազգացողությունը դեռևս լավ է։ Հիշեցնենք, որ Ֆիզիկայի գիտավանի այս բնկիչները հացադուլ են հայտարարել օգոստոսի 26-ից, արդեն 16 ճր:

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը, անդրադառնալով փաստաթղթերի և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով պայմանավորված տեղեկանքի տրամադրմանը, ասաց, որ փաստաթուղթ թաքցնելու որևէ միտում չունեն։

«Մենք տրամադրել և տրամադրում ենք այն փաստաթղթերը, որոնք քաղաքապետարանում առկա են։ Իսկ 60-րդ հոդվածով տեղեկությունը վերաբերում է 2003-05 թվականներին, և քաղաքապետարանում պարզապես շատ դժվար է գտնելը։ Շատ հին փաստաթղթեր են, համարյա 20 տարի է անցել, կարող են ընդհանրապես չլինել։ Հողի օտարման ժամանակվա են, չենք կարողանում տրամադրել։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ այդ փաստաթղթերը կարող են մեզ մոտ լինել կամ ինչ-որ արխիվներում, որովհետև մեզ մոտ չի արխիվացվում, այդ ժամանակ Երևանն ընդհանրապես համայնք չի եղել։ Եթե գտնենք, անպայման կուղարկենք», — նշեց նա։

Բողոքի ակցիաները ֆիզգորոդոկում շարունակվում են և հոիյս կա, որ այս պայքարը ավարտվելու է թաղամասի բնակիչների հաղթանակով:

Սերգեյ Առաքելյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest