«Ես հաղորդում եմ տվել Գլխավոր դատախազություն քննիչի կողմից կատարված կեղծիքների վերաբերյալ հանցագործության մասին, որի հետևանքով հնարավոր է եղել ինձ մեղադրանք առաջադրել ու դատապարտել, սակայն գլխավոր դատախազությունից ինձ գրությամբ պատասխանել են, որ հանցակազմի հատկանիշներ չի պարունակում»,- պատմում է Արմավիր ՔԿՀ-ում գտնվող 34-ամյա Սերգեյ Աբրահամյանը։

Սերգեյ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ծեծի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ խուլիգանական դրդումներով։ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին։ Որպես պատիժ են նշանակել 7 տարի ժամկետով։

Դատապարտյալի պնդմամբ՝ քննիչը կոծկել է մի շարք փաստեր, ինչն էլ ազդեցություն է ունեցել դատավճռի վրա։

«Դեպքի առթիվ վկաներ են ցուցմունք տվել, քննիչն էլ որոշում ա կայացնում, որ իրենք կատարել են սուտ մատնություն, բայց չեն գիտակցել դա։ Քննիչը կոծկել է մեքենայիս առևանգումը։ Ինչպես նաև տուժողը ցուցմունք ա տվել դատարանում, որ իրենք «պոլնի» հարբած են եղել, քննիչը հարցաքննելուց չի նկատել, ուղղակի չէր կարող չնկատել, բայց քանի որ ինքը գործը սարքել ա, դրա համար էլ չի արձանագրել։ Հարված եմ ունեցել գլխիս, որը դատական բժիշկը արձանագրել ա, սակայն քննիչը դրան նախապատվություն չի տվել»։

2018 թվականից՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, ապացույցները կեղծելու մասին 5 անգամ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն․

«Գրությամբ մերժել են, դիմել եմ՝ դատարան, բայց կրկին ուղղորդումներ են եղել դատախազության կողմից, բազմաթիվ փաստեր կան, որ ապացուցում են այդ մասին, ինչից հետո դատարանը մերժում է դիմումս։ Վերաքննիչ դիմեցի, բողոքս մասնակի բավարարվեց և հետ ուղարկվեց Առաջին ատյան։ Դատախազությունից միանգամից այցելեցին ինձ՝ սուտ մասնության համար նախազգուշացնելու, որն իրենց դիտարկմամբ՝ հանցակազմի օրինակ չէր պարունակում։ Ցանկացան սպառնալ, աչքս վախեցնել, որ հետ կանգնեմ պայքարելուց։ Հենց գրիչը վերցրի, որ ստորագրեմ, ասեցին՝ նայի հաա, դու պետք ա ապացուցես, եթե չապացուցեցիր, սուտ մատնության համար կդատապարտվես։ Փորձեցին հոգեվիճակիս վրա ազդել, բայց չստացվեց»։

Սպառնալիքի վերաբերյալ Սերգեյը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս ունենալով, վերջինս իր լիազորություննների շրջանակում նվազագույնը գոնե բացատրություն կպահանջի գլխավոր դատախազից, բայց «ապարդյուն․ վարչապետը դիմումս մակագրում է այն կառույցի վրա, որն ինձ սպառնացել էր»։

Դատարան դիմելուն զուգահեռ՝ նա նաև դիմել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ում հանձնարարմամբ այցելել են իրեն, վերաքննիչ դատարանից վերցրել են իր գործ, ուսումնասիրել ու եկել են այն եզրահանգման, որ առկա են բոլոր կեղծիքները։ «Նման դիրքորոշում են հայտնել, բայց միևնույն ժամանակ պարոն Վանեցյանը զանգել է հանրային փաստաբանիս և ասել, որ իրենք իրավասություն չունեն քննություն կատարել»։

«Վաղաժամկետի համար դատախազն ա առարկում, որ չազատվեմ։ Եթե ես վաղաժամ ազատվեմ, դատախազությունը վստահ ա , որ ընդամենը երկու ամսում էս գործով կարող եմ բարձունքի հասնել։ Դեռևս նախադեպը չի ունեցել, որ դատապարտյալը պատիժը կրի և դուրս գա, ու բողոքի ակցիա անի, բայց ես ուզում եմ բացահայտվի էս գործը։ Երկու երեխաներիս էլ ու կնոջս (հղի) վերցնելու եմ, գնամ դատախազության մոտ ակցիա անեմ։  Ցույց եմ տալու, որ չեմ հոգնել։ Նույնիսկ էնքան եմ ծանր տարել էս ամբողջ կալանքս, որ մտածում եմ նույնիսկ ազատվելուց հետո էլ կարող ա պայքարեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest