2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Գասպարյանի գործով նախաքննությունը ավարտվել է 2020 թվականի դեկտեմբերին: Սակայն քննիչները չեն բացահայտել երիտասարդի մահը: Գործով վարույթը կասեցնելու որոշում է ընդունվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի /անձանց/ հայտնի չլինելու հիմքով։

Գործով միակ մեղադրյալ դիրքի ավագ Բ․Սարգսյանի նկատմամբ, որը ըստ ցուցմունքների, վիրավորել է Արթուրին, նաև այլ զինծառայողների, քրեական հետապնդումը դադարացվել է։

Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, բայց անգամ որևէ ծանրակշիռ պատճառ քննիչները չեն կարողացել գտնել բացատրելու համար, թե ինչու է Արթուրը, որը ըստ հարազատների, կենսուրախ, փարթամ, կայուն հոգեկերտվածքով երիտասարդ էր, սպանել ինքն իրեն:

Արթուր Գասպարյանի հարազատները և նրանց շահերը ներկայացնող փաստաբան Մոնիկա Մարգարյանը բազմաթիվ հարցեր ունեն զինդատախասությանը, որոնք նախաքննության ընթացքում պարբերաբար բարձրացվել են, սակայն մնացել են անպատասխան: Դրանք կասկածի տակ են դնում տղայի ինքնասպանության վարկածը:

Մոնիկա Մարգարյանը բողոք է ուղղել զինդատախազին, պահանջելով վերացնել գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը և նոր քննութուն սկսել սպանության վարկածով, ինչի համար բազմաթիվ հիմքեր կան:

Հիշեցնենք,  Արթուրի դին, ըստ քննչական կոմիտեի, հայտնաբերվել էր 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը «Ավտոբուս 3» կոչվող մարտական դիրքի կացարանի մոտ, բերանի խոռոչի և գլխի գագաթային շրջանում միջանցիկ հրազենային վնասվածքներով: ՔԿ վեցերորդ կայազորային քննչական բաժնում գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ինքնասպանության հասցնելը»:

Ինքնասպանության պատճառն, ըստ քննիչների, այն էր, որ Արթուրին ճնշել և նսեմացրել են նրա ծառայակից ընկերները: Սակայն գործում բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ երիտասարդը չուներ ինքնասպանության  հակում: Դատահոգեբանական փորձաքննությամբ ևս հաստատված է, որ Գասպարյանը չէր կարող ինքնասպանություն գործել:

«Տուժողը մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցել է տրամադրության որոշակի անկում, եղել է նեղված, թեթև սթրեսի հոգեվիճակում, իր մոտ չի եղել սուր ֆրուստրացիոն հոգեվիճակ, չեն եղել սուիցիդալ բարձր ռիսկի հետ կապված գործոններ»,-  ասում է փաստաբանը:

Ինքնասպանության վարկածը հերքվում է նաև բազմաթիվ այլ փաստերով, որոնց անդրադարձել ենք մեր նախկին հրապարակումներում՝ Արթուրը չէր կարող գնդացիրից ինքն իր վրա արձակել երկու  մենահատ կրակոց, քանի որ կմահանար առաջին իսկ կրակոցից, Գասպարյանի մարմնին եղել են բազմաթիվ վնասվածքներ, իսկ հագուստի վրա՝ պատռվածքներ, որոնք վկայում են նրա նկատմամբ իրականացված բռնության մասին և որոնց կապակցությամբ քննիչները բացատրություն չունեն:

 «Տուժողի կոշիկների և հագուստների վրայի հետքերը, պատռվածքները, դարջնագույն հետքերը հագուստի վրա վկայում են այն մասին, որ նրա դիակը քարշ են տվել գետնով: Իրար հակասող ու ոչ արժանահավատ են զինծառայողների ցուցմունքները, որոնք նախաքննության ընթացքում բազմիցս փոփոխվել են: Նախաքննությունը այնքան անարդյունավետ է եղել, որ չի կարողացել պարզել, թե ով է Ա.Գասպարյանի մորը Արթուրի մահից հետո «Օդնոկլասնիկի» սոցցանցի ինչ-որ օգտատիրոջ էջից սպառնացող, վախեցնող, հոգեկան անդորրը խաթարող հաղորդագրություններ ուղարկել, մինչդեռ մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում», — Forrights.am-ի խնդրանքով մեկնաբանեց  Մոնիկա Մարգարյանը:

 Ըստ նրա, «Օդնօկլասնիկի» -ով Արթուրի մորը սպառնացող անձը Ա.Գասպարայնի սպանության մասնակիցն է կամ հանցագործների հետ կապ ունցող մեկն է, և նրան բացահայտելու պարագայում հեշտ կլիներ պարզել, թե ովքեր են մասնակցել Ա.Գասպարյանի սպանությանը:

Փաստաբանը եզրակացնում է, որ դատախոզությունը անգործություն է դրսևորել Արթուր Գասպարյանի սպանության գործով, իսկ իր բողոքը թողել է անհետևանք: Փոխարենը զրույցի են կանչել Արթուր Գասպարյանի հորը՝ Արտյոմ Գասպարյանին: Սակայն վերջինս չի կարողացել ներկայանալ, քանի որ Ռուսաստանում արտագնա աշխատանքների է: Նրա հարազատներից մեկը  Forrights.am-ի հետ զրույում նշեց.

Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին:  «Լավ, եթե ինքնասպանություն էր,  մի պատճառ պետք է լիներ, թ՞ե չէ: Ինձ քննիչն ասում է՝ վեճ է եղել, 6 զինվորների հետ, բայց էդ տղաները մինչև վերջ չեն խոսում, ի՞նչ անենք, ծեծելով ցուցմունք վերցնենք: Մեղավորներին չեն կարողացել խոսացնել, ու գործը կասեցրել են, փաստորեն: Եթե չեն խոսում, ուրեմն, վե՞րջ, բա քննիչը ինչ՞ի համար է»:

 Այն տեղը, որտեղ գտել են Արթուրի մարմինը, դեպքից ամիսներ անց բետոնապատել են: «Այդ խորշը հաստ բետոն են արել, երեք շերտով, որ հետքերը որչնչացնեն» , — ասում է Արթուր Գասպարյանի հարազատներից մեկը: Գործով անցնող զինծառայողներից մեկը շարունակում է ծառայել: Մյուսները զորացրվել են: Մոնիկա Մարգարյանը պատրաստվում է դատական կարգով զինդատախազությանը ստիպել գործով նոր քննություն նշանակել:

 Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest