«Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Նա ունի շաքարային դիաբետ ծանր ձևի և մինչ օրս օրեկան 92 միավոր ինսուլին է ստանում, այսինքն՝ անհամատեղել է իր հիվանդությունը կալանավորման հետ»,- Forrights.am-հետ զրույցում նշեց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նրա փոխանցմամբ՝ միջնորդություն են ներկայացրել գրավի հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ։ Բացի դա՝ դիմում են ներկայացրել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի վարչակազմը դիմի բժշկական հանձնաժողովին և ստանա եզրակացություն։ Որից հետո այդ էպիկրիզների հետ միասին դատարանը հնարավորություն կունենա գնահատել անհամատեղելիությունը։ Բայց ինչպես հայտնեց Ալեքսյանյանը, մինչ օրս ոչ մի տեղից ոչ մի պատասխան չեն ստացել։

Փաստաբանը նշեց այն հիմքերը, ըստ որոնց՝ դատարանը բեկանեց գրավի որոշումը։ Նախ՝ դեռ դատի կոչված 49 վկա կա, և մնալով ազատության մեջ՝ Չարչյանը հնարավոր է ազդեցություն գործադրի դատավարության մասնակիցների վրա։ «Մենք էլ ասում էինք, որ դատական քննության փուլում նրանց վրա ազդեցություն գործադրելու հիմք չկա այն տեսանկյունից, որ  բոլորը տվել են արդարացնող բնույթի ցուցմունք։ Բացի դրանից, նա այլևս Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն չէ, հետևաբար, ակնհայտ է, որ այս որոշումը ապօրինի է։ Առավելևս, որ մեկ ամիս է , ինչ նա ունի նոր կարգավիճակ․պատգամավոր է» ։

Օրեր առաջ՝ Արմեն Չարչյանը, խոսելով այն մասին, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը կալանավորելու վերաբերյալ, նշեց, որ սպասելի էր․ «հաշվի առնելով, որ ի սկզբանե գործը ոչնչի վրա էր կառուցված»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակված ձայնագրության համաձայն՝ Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, որ ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։  Արդեն հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Ավելի ուշ, Չարչյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest