Արմավիրցի  բազմազավակ մայր Հայկուհի Նիկողոսյանի երկու որդիները՝ Աբրահամ  եւ Հովհաննես  Տիտիզյանները,  Արցախյան երկրորդ պատերազմի լուրն առնելուն պես անմիջապես  կամավոր  մեկնել են ռազմաճակատ:

«Աբրահամս գնացել էր սեպտեմբերի 30-ին, հասել էր Գորիսի կողմերը, զանգեց հորն ասաց՝ պապ, լավ կմնաք, մինչեւ կգանք: Դրանից հետո Հովհաննեսս է գնացել, ինչից հետո էլ չտեսա նրան… Զոհվել է հոկտեմբերի 9-ին, Ջրականում»,- պատմում է  Հայկուհին: Հայկուհին ութ զավակ ուներ, հիմա՝  վեցն են:  Նրա տասնչորսամյա  մյուս որդին էլ ամիսներ առաջ է մահացել հիվանդությունից:  Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելը Աբրահամն ու Հովհաննեսը ծառայել էին Արցախում:

Հայկուհին չի կարողանում հաղթահարել անտանելի ցավը. հիշում է, թե ինչպես հոկտեմբերի կեսերին բերեցին զոհվածների աճյունները, հետո զանգել, տեղեկացրել են, որ իրենց որդին զոհվել է: Մինչ այդ իրենք ոչ մի լուր չունեին Հովհաննեսի մասին:

«Հոկտեմբերի վերջերին զինվորները իջել էին մի պահ դիրքերից, բայց պատերազմը դեռ չէր դադարել, ասում էին, որ նորից պետք է բարձրանան դիրքեր: Տղայիս ընկերը, որը նրա հետ է եղել հենց սկզբից, պատահական եկավ մեր տուն, զանգեց, ասաց, թե տղայիս մյուս ընկերներն էլ են ուզում գալ: Եկան, այստեղ նստեցին, ասացին, թե ինչու Եռաբլուրում չենք հուղարկավորել Հովհաննեսիս: Մենք էլ ասացինք, թե ոնց գնանք Եռաբլուր, պատահում է, որ իրիկունն ենք գերեզման գնում, լինում է, որ առավոտն ենք գնում: Հետո արդեն տղայիս քառասունքն էր: Եկան փոխգնդապետը, հրամանատարը, անունները չգիտեմ: Ամուսինս հարցրեց, հետաքրքրվեց, որ իմանա, թե Հովհաննեսի հետ ով է եղել, ոնց է եղել, որն է եղել վերջին խոսքը: Էդ ժամանակ գնդապետն ասել, է, որ տղաս եղել է Նիկոլ Փաշինյանի տղայի հետ, Հովհաննեսս նրան հետ է տարել, իրեն է կպչել արկը: Պարոն Փաշինյանը, որ խոսում է հեռուստատեսությամբ, ասում  է՝ մարմին-մարմնի, ես ի՞նչ մեղք ունեմ, ինքը նոր էր եկել բանակից, մեկի երեխան զոհվել  է, իմը ողջ է մնացել, ես ի՞նչ անեմ: Աստծո գործերն անքննելի են: Աշոտ Փաշինյանը հրաշքով է փրկվել, իմ որդին զոհվել է: Հետո տալս Ֆեյսբուքով գրում է վարչապետին, տեղեկացնում, որ մայրն ուզում է իմանալ, թե որդին ինչ է խոսել զոհվելուց առաջ, ինչ է ասել: Մեկ էլ  Աշոտ Փաշինյանը զանգում է, պայմանավորվում են, մյուս օրը գալիս է մեր տուն: Շատ նորմալ, համեստ, խելոք տղա է:  Աշոտն էլ, Հովհաննեսս էլ եղել են հետախույզներ: Ասեցի՝ բալե՛ս, հնարավոր չէ՞ր, որ Աստված Հովհաննեսիս էլ փրկեր: Հետո մտածեցի, որ էդքան էր իր կյանքը…Աշոտը ծաղիկներ էր բերել, գնացինք  գերեզմանոց: Հետո շատերն էին հետաքրքրվում, թե ինձ համար ինչ է բերել Աշոտը, ինձ ինչով են օգնել, ես ասացի՝  ինչով էլ օգնեն կամ չօգնեն, չեն կարող իմ երեխուն հետ բերել: Ես իրեն ասացի՝  դու ճիշտ է, վարչապետի տղան ես, որ քեզ դիմավորել եմ, բայց Հովհաննեսս էլ թագավորի տղան է, որ գնացել է իր հոր գիրկը: Ճիշտ է, այս բաժանումը ժամանակավոր է, բայց  դժվար է: Ամբողջ օրն ինձ համար ցավ է, տառապանք »,-  ասաց Հայկուհին:  

Նա պատմում է, որ որդին շատ էր պարապում, ֆիզիկապես ուժեղ էր, բարձրահասակ, թիկնեղ: Հետմահու Հովհաննես Տիտիզյանը պարգեւատրվել է «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա » -ի կողմից  որպես Ղարաբաղյան պատերազմի վետերան:

Հայկուհուն եւ նրա ընտանիքին՝ որպես բազմազավակ ընտանիքի, տուն են հատկացրել, սակայն մինչ օրս այն չեն կարողանում սեփականաշնորհել: Տասնչորս տարի է, ինչ խոստանում են, որ պետության նվիրած տունը կհաստատեն այդ ընտանիքի անունով, սակայն պարբերաբար ձգձգում են: Հայկուհին տարակուսած է, որ նույնիսկ որդու զոհվելուց  հետո էլ գյուղապետարանը չի հաստատում տունն իրենց անունով, հարեւանները ջուրն են կտրում, թեեւ ինքը տրտնջացող չէ, պետությունից  էլ   ոչինչ  չի  ուզում:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest