Լավրովն ի լուր աշխարհի տեղյակ է պահում, որ Ռուսաստանն առաջիկա տարիներին համաձայնվում է ադրբեջանական քաղաքականության հետ: Հայաստանի Մարդու իրավունքերի առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այպես է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, թե մինչ նոյեմբերի 9-ը գերեվարված հայերը Ադրբեջանից վերադարձել են Հայաստան:

«Լավրովի հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանն այդպես էլ չվերցրեց իր վրա Արցախում ամբողջովին մոնիտորինգ անելու գործընթացը, այլ հակառակը այնպիսի հայտարարություններ է անում, որ կարծեք, թե Ադրբեջանի հետ հավասար հարթության վրա է գտնվում, այսինքն որեւէ գերակա դիրք չունի: Սա մերժելի է: Լավրովի հայտարարությունը նշանակում է, որ ՌԴ-ն համակերպվել է կամ ի սկզբանե համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջադրված լկտի պահանջատիրությանը, հատկապես Լավրովը, որ գոհունակությմաբ խոսում էր, որ ականապատված տարածքների քարտեզը տրվել է: Միջազգայնորեն սա համարվում է մարդկանց առեւտուր: Լավրովն ի լուր աշխարհի տեղյակ է պահում, որ նրան առաջիկա տարիներին համաձայնվում են Ադրբեջանական քաղաքականության հետ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:

Երեկ Մոսկվայում Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը ուշագրավ  հայտարարություն է արել Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին: Եթե նախկինում պաշտոնական Մոսկվան ընդգծված հայտարարում էր, որ ռազմագերիների վերադարձի հարցում ունի հստակ դիրքորոշում՝ բոլորը բոլորի դիմաց, ապա Լավրովը արդարացումներ է գտել Ադրբեջանի համար՝ հայտարարելով. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը արտգործ նախարարների հանդիման այս հատված առնչությամբ շեշտում է, որ  Արարատ Միրզոյանը լուռ է մնացել՝ ռուս գործընկերոջը չի հակադարձել: «Արարատ Միրզոյանն էլ չարձագանքեց, որ այդ մարդիկ, ովքեր, որ դեկտեմբերի 12-ի ռազմական գործողությունների արդյունքում են գերեվերվել, եղել էլ են շփման գծի վրա, քանի որ շփման գիծն էր փոփոխվել: Միրզոյանը լուռ թողեց Լավրովի հայտարարությունը»- նշում է քաղաքագետը եւ շարունակում՝ պնդելով, որ Լավրովը կեղծ տեղեկություն է հայտնում՝ ասելով, որ Բաքվում պահվում են միայն նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձիք:

«Հայաստանի քննչական մարմինները տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների գերեվարված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ, թե ինչ հանգմանքներում են գերի ընկել: Այն ինչ ասել է Սերգեյ Լավրովն իրականությանը չի համապատասխանում այսօր Հայաստանի տրամադրության տակ եղած նյութերի տեսակետից»:

Մեկ ամիսց էլ քիչ ժամանակ է մնացել, որ լրանալու է  44-օրյա պատերազմի մեկ տարին: Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել Հայաստան, այդ թվում նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Ադրբեջանը պատերազմից շուրջ մեկ տարի անց միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։

Պատերազմի ավարտից օրեր անց Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարվել է 64 զինծառայող, որից 24-ն են վերադարձել հայրենիք։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են։ 

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Խծաբերդից գերվարված հայ զինվորների եւ Լավրովի հայտարարության ֆոնին նշում է. «Լավրովը խուսափեց պատասխանել, թե ով է պատասխանատու Խծաբերդում տեղի ունեցած դեպքերի համար: Դա շփման գի՞ծն էր, որն այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրույթամբ, գոյություն ուներ եւ Հայաստանի զինվորները իրենց մարտական հերթապահությունն էին անցկացնում, թե՞ դա Հայաստանի կողմից Ադրբեջանի թիկունք ուղարկած զորախումբ էր: Այս հարցից Լավրովը խուսափեց: Այս հարցը գնահատակ չի ստացել՝ ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում»:

Պաշտոնական Երևանը կոչ է անում միջազգային կառույցներին՝ ակտիվացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արարատ Միրզոյանը շեշտել էր՝ Բաքուն հերքում է տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, ինչպես նաև արհամարհում Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու՝ ՄԻԵԴ-ի որոշումները, խոչընդոտում գերիների վերադարձը։

Լարիսա Ալավերդյանը, սակայն, պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երեւանը հայտարարություններից զատ ինչ պետք է անի, որպեսզի լուծի գերիների ու անհետ կորածների խնդիրները՝ այսօր արդեն Լավրովի խնդրահարույց հայտարարության ֆոնին, ընդգծում է՝ այս կառավարությունն ի վիճակի չէ լուծել գերիների եւ Հայաստանի անվտանգային խնդիրները:

«Հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի սահմաններից ներս են մտել այս իրավիճակում ՀՀ իշխանությունները ունակ չեն դուրս պարտվածի եւ հանձնվածի բարդույթից: Իշխանությունները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, որը պարտադրվում է: Հայաստանի սուվերենությունը ոչ թե վտանգված է այլ ենթարկվում է հարձակման: Այս առումով պետք է ասեմ, որ ՀՀ-ն չի մասնակցում տարածաշրջանային գործընթացներին»,- ասում է նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest