Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները օրերս հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պատկան մարմիններից իրենց երեխաների, ազգականների մասին տեղեկություն ստանալու համար։ Անհետ կորածների մի մասը հնարավոր է, որ գերի է ադրբեջանական կողմում և Ադրբեջանը ոչ բոլորի մասին է այնտեղ բանտարկված լինելու տեղեկությունները հաստատել։

Արսեն Ղուկասյանը, ում եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդին անհետ կորած է համարվում, Forrights-ի հետ զրուցում ասաց, որ որոշ ծնողներ հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։ Նա մանրամասներ չասաց հանդիպման բովանդակությունից՝ նշելով, որ ծնողները չեն ցանկանում խոսել՝ իրենց երեխաների հայրենադարձությանը չվնասելու համար։

«Դա շատ նուրբ հարց է, կապված երեխաների ճակատագրերի հետ։ Դա լուսաբանել ոչ մի կերպ չի կարելի։ Ծնողներից 5-ը կառավարությունում հանդիպել են Նաիրի Սարգսյանի հետ։ Չեն կարողացել լիարժեք պատասխաններ տալ, Կիրակոսյանին՝ որպես ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ, հրավիրել են, որ ինքն այդ հարցերին պատասխանի, քանի որ հարցը կապված է եղել ՄԻԵԴ-ի հետ», — հավելեց նա։ 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը նույնպես մանրամասներ չասաց հանդիպման վերաբերյալ։ «Չեմ կարող ասել, որովհետև փակ հանդիպում է եղել։ Գերիների ծնողների խնդրանքով է, որ շատ ժամանակ ինֆորմացիան փակ է լինում՝ իրենց հարազատներին չվնասելու համար։ Սուբորդիանցիան պահելու համար ճիշտ չի լինի, որ մենք հրապարակենք հանդիպման մանրամասները։ Նախօրոք ասված է եղել, որ հանդիպումը փակ է լինելու», — ասաց նա։

Ինչ վերաբերում է գերիների խնդրի հետ կապված զարգացումներին՝ Սամվելյանն ասաց, որ որևէ նորություն չկա և նշեց նախկինում ադրբեջանական կողմի պնդումները. «Այս պահին Ադրբեջանի հաստատած տվյալներով՝ 45 մարդ կա իրենց մոտ»։

ՄԻԵԴ-ում հայկական կողմը 280 հոգու համար միջանկյալ միջոցի վերաբերյալ գանգատ էր ներկայացրել և բոլորի մասով դա բավարարվել էր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում շինծու գործերով դատապարտված զինծառայողների գործին՝ ՄԻԵԴ ներկայացուցչության մամուլի խոսնակն ասաց, որ դեռևս նորություն չկա։

ՄԻԵԴ-ը սկսել է քննել նաև խոշտանգված, սպանված 19 անձանց մասին հայկական կողմի դիմումները, որոնք Եվրոպական դատարան ներկայացնելու մասին այս տարվա մայիսի 3-ին հայտարարել էին ՄԻԵԴ-ում գերիների և ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը։

Զեյնալյանն Forrights-ին ասաց, որ դատական գործերով աշխատանքները շարունակվում են, անընդհատ դինամիկ պրոցեսի մեջ են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում շինծու քրեական գործերով դատապարտված հայ գերիների հարցին, ապա Զեյնալյանը չմանրամասնեց, թե բովանդակային առումով ինչ են ներկայացրել ՄԻԵԴ, որպեսզի գործընթացին վնաս չհասցվի։

Սերգեյ Առաքելյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest