Երեք տարի առաջ, երբ Գետամեջ գյուղի 22-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Վանիկ Գևորգյանը նոր էր մահացել, նրա ծնողները՝ Արթուրն  ու Ալվարդը, հավատում էին մեր իրավապահները, վստահ էին, որ քննիչները կբացահայտեն իրենց որդու սպանությունը: Ինքնասպանության վարկածին նրանք չէին հավատում: Բայց այսօր, երբ գործն արդեն դատարանում է, նրանք վերջնականապես հուսահատվել են: Նրանք տեղյակ չեն քննիչի որոշումներից, նախաքննության նյութերի մեծ մասը նրանց չեն տրվել, թեև դատաքննությունն արդեն սկսված է և մի քանի դատական նիստ է կայացել:  «Ամբողջական գործը պահանջում են, որ ստանանք դատարանից», — ասում է Վանիկի հայրը, տուժողի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը:

«Վաքս են ուզել, չի տվել, մայկա են ուզել, ասել ա՝ չունեմ»

Նա այսօր էլ չի հավատում, որ իր կենսախինդ, երբեք չվհատվող, հաղթանդամ, բարձրահասակ որդին կարող էր  ինքն իրեն սպանել, այն էլ անհասկանալի պատճառով: «Ասում են՝ ինչ-որ վաքս են ուզել, չի տվել, մայկա են ուզել իրենից, ասել ա՝ չունեմ, հետո տեսել են, որ ունի, վեճ ու կռիվ ա եղել, ծեծել են, հետո էլ գնացել  է, իրեն սպանել է: Դատարանում էդ տղերքը, ում որ մեղադրում են Վանիկին ինքնասպանության հասցնելու համար, ասում են, որ ինքը տրամադրված է եղել ինքնասպանության, բայց դա էնքան սուտ ա, որ տհաճ էր ինձ համար էդ ամեն ինչը լսելը: Իրենք չէին խոսում, միայն փաստաբաններն էին խոսում: Ես հազիվ եմ ինձ զսպում, որ չկոպտեմ: Չեմ կարողանում էլ դատերի գնալ», — ասում է Արթուր Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Վանիկ Գևորգյանի մարմինը՝ վզին պարան փաթաթված, 2018 թվականի սեպտեմբերի 2-ին հայտնաբերել էին «Արա լեռ» կոչվող զորամասի կիսաքանդ շինության ներսում: Նա, իբր, կախվել էր պատուհանի ճաղավանդակից, սակայն կախվածի համար անբնական դիրքում է եղել՝ նստած վիճակում:

Վանիկ Գևորգյանը, որը Արա լեռ զորամասի վարորդն էր,  թատերական ինստիտուտի շրջանավարտ է եղել, կատակասեր երիտասարդ, որն ընկերների բնորոշմամբ, 10 հոգու կարող էր ինքնասպանության հասցնել, բայց երբեք ինքն իրեն չէր սպանի:
Ինքնասպանության վարկածը, որի վրա առաջին իսկ օրվանից կանգ առավ ու որը հայտարարեց Քննչական կոմիտեն, չի փոխվել: Մի քանի զինծառայողներ մեղադրվում են Վանիկ Գևորգյանին ինքնասպանության հասցնելու համար:

Վանիկի հետ կոնֆլիկտների անհեթեթ պատճառներ են նշել՝ կոշիկի քսուկ են ուզել, չի տվել, կապիտանին է հայհոյել, բայց ասել է, որ չի հայհոյել: «Մի խոսքով, ոչ մի լուրջ պատճառ, որը կարող էր հասցնել ինքնասպանության, մենք չենք տեսնում», — ասում է իրավապաշտպան, քրեագետ, զինվորական տասնյակից ավելի գործերով տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:

Նա ծանոթացել է գործի նյութերին և վստահեցնում է, որ ծանր հանցագործությունների դեպքերով չի հանդիպել մի գործ, որով կատարված լինի այսչափ միակողմանի և թերի քննություն՝ դեպքի վայրը ոչնչացված է, չի կատարվել զինծառայողի հագուստի փորձաքննություն, իսկ զորամասի չշահագործվող տարածքի գրունտի և Վանիկ Գևորգյանի հողաթափերի վրա առկա հողային մասնիկները չեն համընկել, ինչը կարող է նշանակել, որ վերջինիս այլ վայրում են սպանել: Նա իր դիտարկումներով կիսվեց Forrights.am-ի հետ: 

Չէր կարող բժիշկը օգնություն ցույց տալ դիակին

Որպես դեպքի վայր նշված է զորանոցից մոտ 200 մետրի վրա գտնվող չշահագործվող շինությունը: Դիակը հայտնաբերելուց հետո զորամասի փոխգնդապետ Ա. Պետրոսյանը եղունգկտրիչով կտրել է պատուհանի ճաղավանդակին կապված թելը, որից, իբր, կախված է եղել Վանիկը, իսկ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դիակին մոտեցած զորամասի բժիշկ Ա. Աղաջանյանը նույնպես եղունգկտրիչով կտրել է Վանիկի պարանոցը գրկող թելը: Այդ երկու թելերը հայտնաբերվել են դեպքի վայրում:

«Զինվորականները երբ որ ընդունվում են աշխատանքի, նրանց պարզաբանում են օրենքը, որ արտակարգ դեպքերի ժամանակ, որպիսին Գևորգյանի սպանության դեպքն է, սպաները պարտավոր են պահպանել դեպքի վայրը և իրավունք չունեն համապատասխան զորամասի սպաները ապօրինի գործողություններ իրականացնել: Մինչդեռ այս դեպքում այդպիսիք իրականացրել են թե զորամասի փոխգնդապետ Ա. Պետրոսյանը, և թե զորամասի բժիշկ Ա. Աղաջանյանը: Դիակը հայտնաբերվել է Վանիկի անհետանալուց 4 ժամ հետո: Չէր կարող բժիշկը, որին հրավիրել են դեպքի վայր, չտեսնել, որ անձը մահացած է և դիակին օգնություն ցույց տար», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Դեպքի վայրում հայտնաբերված թելի կտորները ուղարկել են փորձաքննության, սակայն փոխանակ հարց դրվեր, թե կան դրանց վրա արյան  հետքեր, կամ Վանիկ Գևորգյանին պատկանող ԴՆԹ հետքեր, քննիչները պահանջել են փորձագետներից պատասխանել, թե արդյոք այդ թելի կտորները համընկնում են իրար:

Ամենակարևորը հագուստի փորձաքննությունն է, որը չի կատարվել

Հագուստի փորձաքննությունը չի կատարվել, սակայն որքան էլ թաքցնեն ճշմարտությունը, սովորաբար քրեական գործերով աշխատող փորձագետներից որևէ մեկը մի ճշմարիտ եզրահանգում է կատարում, որով և բացահայտում է իրողությունը: Վանիկ Գևորգյանի դեպքում էլ է այդպես եղել: Ըստ գործի նյութերի, նա դեպքի վայրում եղել է հողաթափերով, ինչը տարօրինակ է: Ինչո՞ւ է ծառայողը ծառայության ժամին հողաթափերով գնացել զորանոցից մոտ 200 մետր հեռու գտնվող շենքում, ինչո՞ւ նա չի հագել կոշիկ, այնտեղ գնալուց առաջ: Այս հարցերի պատասխանը չկա: Քննիչը հողաթափերի տակացուները քերել է ու քերվածքը հանձնել է դատահողագիտական փորձագիտության: Ըստ այդ փորձաքննության եզրակացության, տակացուների մակերեսներին հայտնաբերված հողի մասնիկների նոսր հատվածները իրենց գույնով ու կարբոնատացվածության աստիճանով տարբերվում են շենքի մուտքի հողի նմուշից:

«Սա նշանակում է, որ իրականում Վանիկ Գևորգյանին սպանվել է այլ վայրում ու նոր տարել են չօգտագործվող շինություն», — եզրակացնում է Մարտիրոսյանը:

Հ.Գ. Վանիկ Գևորգյանը Արա լեռի զորամաս էր տեղափոխվել մահից 8-9 ամիս առաջ, «Մարտունի-3» զորամասից: Նա պատմել է հորը, որ այնտեղ մեծ վեճ է ունեցել սպաների հետ, որ իրեն «Մարտունի-3»-ի սպաները նույնիսկ դաժան ծեծի են ենթարկել հայհոյանքի համար: «Սպաները ասել են, որ Վանիկը իրենց քֆուր ա տվել, նույնիսկ ուզել են դատի տան Վանիկին: «Դրանից հետո նրան մեկ ամիս պահել են «դիսբատում», հետո տղաս զանգեց, ասեց, որ իրեն տեղափոխում են «Արա լեռի» զորամաս», — պատմեց մահացածի հայրը: Նրա տեղեկություններով, այս դրվագը քննության առարկա չի դարձել: «Մարտունի-3»-ի սպաները նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել, մինչդեռ չի բացառվում, որ հենց այստեղ են տանում երիտասարդի պարանոցը գրկած «տուկի»թելերը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest