Կոտայքի մարզի  Ջրվեժ  գյուղից  Դավիթ Գրիգորյանը  նոր էր զորակոչվել ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մարտունի-2  զորամաս, երբ սկսվեց  Արցախյան երկրորդ պատերազմը: Մինչ այդ նա գերազանցությամբ ավարտել էր ԵՊՀ-ի արվեստաբանության բաժինը, այնուհետո՝ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարների ուսուցման դասընթացը եւ ստացել լեյտենանտի զինվորական կոչում: 2020թ. օգոստոսի 22-ին նա ծառայության էր անցել Մարտունի-2 զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

 «Ես պետք է այցելեի Դավիթին, սակայն նա զանգահարեց եւ ասաց, որ դրա կարիքը չկա, իրավիճակը լարված է» ,- պատմում է  Դավիթի հայրը՝ Կոմիտաս Գրիգորյանը: Իր հանգստի օրերն էին, սակայն բոլորին կանչել էին դիրքեր, որպեսզի մարտական պատրաստության վիճակում լինեն: Դա սեպտեմբերի 26-ին էր: Իսկ արդեն ամսի 27-ին հայտնի դարձավ, որ նոր պատերազմ է սկսվել:
Դավիթը դեռ ուսումնառության տարիներից էր ռազմական փորձ ձեռք բերել, շատ էր պարապել, որ տիրապետի բոլոր զինատեսակներին  և հաշվարկներին: Իր ընկերների հետ նա մեծ ծավալի աշխատանք էր կատարել եւ մինչեւ վերջին պահը պահպանեցին իրենց մարտական դիրքերը և շուրջօրյա հսկողություն իրականացնելով  կանխեցին  զորամասի ողջ անձնակազմի շրջափակումը թշնամու կողմից: Միաժամանակ գտնվելով այդ դիրքերում՝ նրանք հրետանավորներին ապահովում էին թշնամու զինտեխնիկայի և կենդանի ուժի գտնվելու վայրի  կոորդինատներով, ինչը արել են ճշգրիտ եւ գրագետ ձեւով: Իսկ այդ ամենի շնորհիվ ոչնչացվեց թշնամու մեծաքանակ զինտեխնիկա և կենդանի ուժ։ Արդյունքում՝  Մարտունին, նաեւ իրենց պահած դիրքերը, մնացին մեր վերահսկողության ներքո»:

Դավիթը զոհվել է նոյեմբերի 3-ին: Այդ օրը ցերեկը Կոմիտասը խոսել է որդու հետ, զգացել, թե որքան լարված է վիճակը, սակայն Դավիթն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ինքը հետո կզանգահարի: Ցավոք, դա եղել է նրա որդու վերջին զանգը: Դավիթը թույլ չի տվել, որ  հայրն ու եղբայրը ևս մեկնեն  առաջնագիծ, քանի որ դա կարող էր լրացուցիչ անհանգստություն պատճառել իրեն: Որդու զոհվելու մասին ծնողները տեղեկացել են երկու օրից:

Կոմիտասը հիշում է որդու խոսքերը. «Ես իմ կյանքի համար հո չե՞մ անհանգստանում, ուղղակի չեմ ուզում, որ ձեզ  վշտացնեմ: Ես ոչնչից չեմ վախենում, բայց չեմ ուզում, որ դուք տխրեք»:

Հերոսի հայրը զրույցի ընթացքում ցույց է տալիս տեսանյութեր, որոնցում Դավիթի ուսուցիչները, դասախոսները, ընկերները  հպարտությամբ և հուզմունքով էին խոսում իր որդու մասին, որոնք ամեն օր թերթում է և դիտում։

Պատերազմ մեկնելուց  դասախոսներից  Շուշան Վարդանյանը  Դավիթին բնութագրելով, բարի խոսքերով  էր ճանապարհել.

 «Իմ հրաշք Դավիթ : Հոգեբանական թեստից հետո, երբ կանխորոշեցի կամային  հատկանիշներդ եւ ասացի, որ կգա մի օր,  հայրենիքի ղեկը կտեսնեմ քո ամուր ձեռքերում եւ երկաթյա կամքիդ մեջ, մեղմ ժպտացիր…: Ուր էլ գնաս՝  վստահ եմ որակներիդ: Եվ նա չէր սխալվել»։ 

Երբեք պարծենալ չի սիրել շարունակում  է հայրը , ուստի երբ  խոստովանեց , որ ռազմական  շատ կարևոր գործողություններ է իրականացրել, հասկացա , թե Դավիթը ինչեր է կատարել և իրեն հատուկ եռանդով և գրագիտությամբ է ջախջախել  թշնամուն։  Որոշ դրվագներ, բանաձևեր և հաշվարկներ  անհրաժեշտության դեպքում  ձեռքի տակ ունենալու  նպատակով ֆիքսել էր հեռախոսում, չնայած ականատեսների վկայությամբ  իրավիճակից թելադրված այնպես էր վարպետացել, որ նաև ժամանակ խնայելու նպատակով բոլոր հաշվարկները կատարում էր մտքում։

Հայրը հիշում է, որ որդու ավարտաճառի  պաշտպանությունը Գեղարդավանքի ճարտարապետության մասին էր: Հայր եւ որդի բազմիցս եղել են Գեղարդավանքում, մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր մանրուքները, քանդակները, խաչքարերը, զինանշանները: Ավարտաճառի ղեկավար ճարտարապետության թեկնածու  Լիլիթ Պիպոյանը  միշտ հիացմունքով է արտահայտվել Դավիթի մասին, նրա աշխատանքն էլ արժանացել է գերազանց գնահատականի, որը դեռ շարունակություն պետք է ունենար:

Կոմիտաս Գրիգորյանը կարծում  է, որ մեր երկրի իշխանությունները պետք է Արցախյան հիմնախնդիրը լուծելու հարցում գտնեին խելամիտ ելք եւ մեր երկիրը չհասներ այսպիսի նվաստացուցիչ  վիճակի:

«Ես ենթադրում էի, որ նոր իշխանությունները գիշեր-ցերեկ զբաղված են նախկին թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնելով եւ բանակը զինելով: Ես այդ առումով հանգիստ էի, բայց կյանքը ցույց տվեց, որ խաբվել ենք: Իշխանություններն  ամեն ինչ գիտեին, ցավոք ոչինչ  չձեռնարկեցին և մարդկային կյանքերի գնով փորձեցին համոզել, որ նախկին ձեռքբերումները պահպանել  չենք կարող»,- եզրափակում է  մեր զրուցակիցը:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest