«Լրագրողների ներկայությունը ԱԺ-ում զսպող գործոն է հանդիսանում հենց պատգամավորների համար, և արգելելով ու սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ ուղղակի կանաչ լույս են վառում բոլոր այն պատգամավորների համար, որոնք ուզում են սանձարձակ վարքագիծ ցուցաբերել,»- այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին ԱԺ դահլիճում լրագրողների աշխատանքի սահմանափակմանը։

Ըստ Դոյդոյանի՝ ԱԺ ղեկավարությունը ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ դեր ունեն լրագրողները ազգային ժողովում։ Դա իրենց քմահաճույքը չէ, իրենց պարտականությունն է գտնվել Աժ-ում, արձանագրել ու հասարակությանը ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում․  լավ, թե՝ վատ, արժանապատվություն արատավորող, թե՝ ոչ։

«Լրագրողների դեմ բռնության հետ կապված՝ մենք արդեն ներկայացրել ենք հանցագործության մասին 4 հաղորդում․ մեկը վերաբերում է օգոստոսի 10-ի դեպքին, երկուսը՝ օգոստոսի 24-ին, և վերջինը՝ երեկ տեղի ունեցածին, երբ ԱԺ դահլիճից ուժով դուրս շպրտեցին լրագրողներին,»-ներկայացրեց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանի պարզաբանմամբ՝ ժողովրդավարության հետ աղերս չունեցող գործընթաց է սա։ Ցավալի է, որ իշխանության ներկայացուցիչները հավատացած են, որ ինչ տեղ է  ունենում, ժողովրդավարական է մի պարզ պատճառով․ իրենք ընտրվել են։ Ժողովրդավարությունը բազմակոմպոնենտ է, և այդ կոմպոնենտներից մեկը խոսքի ազատությունն է, տեղեկություն ստանալու ազատությունն է։ Համեմատելով 2018 թվականի հետհեղափոխական առաջին ամիսների հետ՝ Իոաննիսյանը նշեց, որ գլոբալ առումով իշխանության թափանցիկության շատ ուժեղ սղաճ է տեղի ունենում։

«Կառավարության առաջին նիստերի ժամանակ մենք տեսնում էինք ռեալ քննարկում։ Այս երեք տարիների ընթացքում կառավարության նիստերի քննարկումները սղաճ են ապրել, վերածվել են դեկորատիվ, PR ակցիայի, երբ կառավարության նիստերի ժամանակ ուղղակի «ռեկլամվում» են այն որոշումները, որ կայացվում են։ Դրանք չեն քննարկվում հանրության աչքի առջև։ Նույնը վերաբերում է խորհրդարանին, որտեղ թափանցիկության անկում է»։

Ինչ վերաբերում է նրան, թե սահմանափակումներն արվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ապա Իոաննիսյանը նշեց, որ դա ուղղակի պատրվակ է, որովհետև չեն կարող ասել, «դե զզվել ենք լրագրողներից, չենք ուզում մեզ բռնացնեն, տհաճ հարցեր տան»։

Անդրադառնալով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն մտքին՝ թե «ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործը չէ», Շուշան Դոյդոյանը նշեց, որ կա լրիվ սխալ պատկերացում լրագրողի մասնագիտության և առաքելության մասին։ «Հակառակը, հենց ծեծկռտուք լուսաբանելն ու հասարակությանը դրա մասին իրազեկելն է լրագրողի գործը»։

«Որպեսզի ԱԺ-ն լավ գործի, ունենա դրական արդյունք, պետք է լրագրողների աշխատանքը ապահովվի, լիարժեք երաշխավորվի, որ նրանք առանց որևէ արհեստական խոչընդոտների կարողանան կատարել իրենց պարտականությունը և տեղեկատվություն փոխանցեն հասարակությունը,»- եզրափակեց Դոյդոյանը։

Անի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest