Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ինչի մասին պաշտոնական առաջին հայտարարությունը տարածեց ոչ թե ՔՊ-ական կառավարությունը, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ազգային անվտանգության ծառայությունը միայն այսօր առավոտյան է հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: «Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ», — հայտարարել է ԱԱԾ-ն  ու կոչ արել «հետևել միայն պաշտոնական լրահոսին»։

Forrights.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են սպասվում, որին ներգրավված են լինելու թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմից սահմանապահ ծառայության հրամանատարությունից։ 

Իսկ թե ի՞նչ պահանջներ է դնում և ի՞նչ պատճառաբանությամբ է ադրբեջանական կողմը փակել ճանապարհը, Փարսյանն ասաց. «Այն, ինչը որ իրենք տարածում են,  անհեթեթություն է։ Իրենց մամուլով տարածում են, որ դիվերսիա է եղել իրենց նկատմամբ, այդ անհեթեթ պատճառաբանությամբ այդ ճանապարհը փակել են»։

Երեկ ադրբեջանական «Azeri Daily» լրատվամիջոցը գրել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 15:45-ի սահմաններում, «Գորիս-Կապան ճանապարհի երթևեկելի մասում տեղակայված Պետական ​​սահմանային ծառայության սահմանապահ զորքերի սահմանային առանձին ստորաբաժանման «Ղուբադլի» սահմանապահ-մարտական ​​կետի տարածքում Ղուբադլիի շրջանի Աշագը Ջիբիքլի գյուղում զինծառայող Շիրալիև Ռուսլան Նարիմանօղլուն հանկարծակի հարձակման է ենթարկվել Հայաստանի զինված երկու զինծառայողների կողմից»:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկատվությունը։ «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել», — հայտարարել էր ՊՆ-ն։

Կապանի համայնքապետը նշեց, որ խնդրի լուծումը տեսնում է բանակցությունների միջոցով։ Իսկ թե ինչի դիմաց է ադրբեջանական կողմը պատրաստ բացել ճանապարհը, Փարսյանն ասաց, որ ոչ ոք դրանից տեղյակ չէ. «Ոչ մեկ չի կարող հիմա այդ հարցին պատասխանել։ Պետք է կոնկրետ, հստակ բանակցությունների ընթացքում դրա մասին խոսվի»։

Ըստ նրա՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը չի մասնակցում բանակցություններին։ Համայնքապետը չասաց, թե կոնկրետ ովքեր են հայկական ու ռուսական կողմերից ներգրավված սպասվելիք բանակցությունների մեջ։

Ըստ Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանի՝ ժամը մոտ 10:00-ի դրությամբ Որոտանի ճանապարհը դեռևս փակ էր «Այլ մանրամասներ, թե ինչ է բանակցություններ են ընթանում, ինչ խոսակցությունների համատեքստում, որևէ տեղեկատվություն մանրամասների տեսանկյունից չունեմ։», — հավելեց Յոլյանը։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանին, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետի Գևորգ Ալթունյանին կատարած զանգերը մնացին անպատասխան։ Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ չհաջողվեց կապվել:

Օգոստոսի 26-ի գիշերը Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել»։ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը նաև նշել է. «Տեղյակ եմ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել»։

Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ Թաթոյանը նշել է, որ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը:

«Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաև մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն)», — հայտարարել է նա։

Սերգեյ Առաքելյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest