Ազգային ժողովի շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները նոր թափ են ստանում: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ սահմանափակումները պայմանավորված են պատգամավորների դրսեւորած վարքով: Այսինքն՝ եթե պատգաամվորները կարողանում են նիստերի դահլիճում իրենց քաղաքակիրթ ու հանգիստ պահել, ապա բանը չի հասնում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը:

Սակայն, պրակտիկան ցույց է տալիս, որ ԱԺ դահլիճում «մարտերը» չեն դադարում եւ ամեն անգամ, երբ ՊՊԾ աշխատակիցները «խաղաղապահների» դերն են ստանձնում իշխանական եւ պատգամավորների միջեւ կանգնելով, անվտանգության մյուս աշխատակիցները պարտադրում են, որ լրագրողները լքեն ԱԺ օթյակը, որտեղից հնարավոր է լուսաբանել դահլիճում տեղի ունեցող զարգացումները: «Մեր գործընկերները գործողություն են իրականացնում, ինչը լուսաբանման ենթակա չէ»,- մասնավորապես այսպես են մեկնաբանում լրագրողներին օթյակից բռնի դուրս հանող «ախրանիկները»:

Լրագրողները նման իրավիճակում հայտնվում են արդեն երկրորդ անգամ: Օգոստոսի 24-ի նսիտում, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին վերացական դիմելով սկսել է հարցեր տալ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը, իսկ երբ Մկրտչյանը հնչեցրել է «կապիտուլյանտ» ձեւակերպումը նրան ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս են հրավիրել, ինչը դարձել է հրմշտոցի պատճառ:

«Հենց ՊՊԾ աշխատակիցներն Ալեն Սիմոնյանի հորդորով մտան նիստերի դահլիճ օթյակի կից միջանցքում գտնվող անվտանգության աշխատակիցները՝ բավականին մեծ թվով, ներս մտան եւ սկսեցին մեզ դուրս հանել: Ես իրենց փորձում էի բացատրել, որ Ալեն Սիմոնյանի որոշման համաձայն մենք կարող ենք նաեւ աշխատել օթյակում, բայց մեզ կոպիտ, բռնի դուրս հանեցին, չնայելով, որ լրագրողներից մեկը հղի է: Չթողեցին մեզ նկարահանում իրականացնել, թեեւ այդ պահին ես ոչ մի բան չէի նկարում, բայց չթողեցին մնալ օթյակում: Ասեցին, որ իրավունք չունեմ օթյակից ներս նայելու»,- մեզ հետ զրույցում ասաց խորհրդարանի աշխատանքերը լուսաբանող լրագրող Լիլիթ Կասյանը:

Օգոստոսի երկուսից սկսած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամաբ խորհրդարանի շենքում  լրագրողներին աշխատել թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող փոքր սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը: Օթյակից լրագրողներին դուրս հանելու դեպքերից ստացվում է, որ անգամ օթյակում աշխատելու իրավունք ունեցող լրագրողներին զրկում են այդ հատվածում իրենց մասնագիտական գործողություններն իրականացնել, եթե ԱԺ դահլիճում սկանդալ է պայթում:

«Ստացվում է, որ սահմանափակումները վերջնակետ չունեն եւ դրանք կարող են կիրառվել ցանկացած պահի: Սահմանափակման ծայրը չի երեւում, թե ինչքան կարող է շարունակվել, ինչը շատ վատ է: Ստացվում է՝ կախված պահի անհրաժետությունից արգելում են լրագրողների մուտքը ԱԺ-ի դահլիճի օթյակ: Սրա արդյունքում հանրությունը զրկվում է տեղեկատվություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Այն ինչ կատարվում է ԱԺ-ում մեզ լավ տեղ չի տանում: Սրան պետք է վերջակետ դրվի, պետք է հասկանանք՝ որքան կարող է դա շարունակվել, ոչ ԱԺ-ն է իր աշխատանքը կատարում, ոչ էլ թողնում են, որ լրագրողներն իրենց աշխատանքը կատարեն: Սա մերժելի երեւույթ է»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը:

Օգոստոսի 24-ին, երբ Կառավարության 2021-2026 ծրագիրն էր ներկայացնում վարչապետ Փաշինյանը, լրագրողներն ԱԺ օթյակում բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել՝ չխոչընդոտելով նիստի ընթացքը:  Լրագրողները պահել են պաստառներ, որտեղ իրենց դժգոհությունն են արտահայտել սահմանափակումների վերաբերյալ: ՊՊԾ աշխատակիցները՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ, խոչընդոտել են լրագրողներին, թույլ չեն տվել տեւական ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

«Օթյակում փորձեցինք մեր փոքրիկ պլակատներն այնպես պահել, որ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրենք, սակայն, անվտանգության աշխատակիցները սկսեցին մեր ձեռքից վերցնել պաստառները: Մենք որեւէ վիրավորական գրառում չէինք արել, պարզապես ցանկանում էինք մեր ձայնը լսելի դարձնել: Նիկոլ Փաշինյանը նախկին լրագրող է, իրեն այդ իրավիճակում ոնց է պատկերացնում: Փորձում էինք հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հանդիպի: ՊՊԾ երկու աշխատակից վերցրեցին մեր պաստառները, հետո խառնվեցին Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, փորձում էին երկու լրագրողի դուրս հանել օթյակից:

Ես համարում եմ մեր ակցիան ստացված: ԱԺ նախագահը եւ իշխանական փոխնախագահները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ունենք մեր հաջորդ քայլերը, մենք ունենք այլ քայլեր, որոնք կիրականացնենք առաջիկայում»,- նշում է ակցիայի մասնակից, լրագրող Սոնա Գրիգորյանը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը շեշտում է՝ Հայաստանի իշխանություններն անցում են կատարում ավտորիտար համակարգի:

«Լրագրողները փորձել են լուռ՝ գրավոր եղանակով, մեսիջները փոխանցել վարչապետին, իրենց անհամաձայնությունը ներկայացնել կիրառվող սահմանափակումների դեմ: Սա լրագրողների սահմանադրական իրավունք է: Նրանց արգելելով արտահայտվել, սա լրիվ հարիր է ավտորիտար համակարգերին, որտեղ մարդը չի կարողանում իր դժգոհությունը հայտնել: Լրագրողներն այդ պահին որեւէ ագրեսիա չեն դրսեւորել, իրենց կարծիքն են արտահայտել: Անվտանգության աշխատակցները չգիտեն, թե ինչու են այնտեղ գտնվում, պատեհ-անպատեհ առիթով թիրախավորում են լրագրողներին»,- ասաց նա:

Իսկ ահա տասնյակ տարիներ ընդդիմադիր լրագրող աշխատած Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է ուժայիններին, որ լրագրողներին խոչընդոտում են եւ չեն թողնում լուսաբնել իրականությունը: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցուպատասխանի ընթացքում, երբ Փաշինյանին տեղեկացրեց, որ անվտանգության աշխատակիցները լրագրողների նկատմամբ բռնություն են գործադրել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ճիշտ են արել ու օրենքով են արել:

«Ես հետեւել եմ ԱԺ դահլիճում ՊՊԾ-ի գործողություններին եւ ուզում եմ քաջալերել նրանց՝ շարունակել պահպանել խորհրդարանի բնականոն գործունեությունը ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։ Շնորհակալություն եմ հայտնում ՊՊԾ-ին օրենքով սահմանված կարգով ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Նա հեղափոխությունից անմիջապես հետո ցանկացած առիթով շահարկում էր, որ մամուլն իր իշխանության օրոք աննախադեպ ազատություն է ձեռք բերել:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest