18-ամյա Ժիրայր Մարգարյանը  սեպտեմբերի 27-ին երկու ամսվա զինծառյող է եղել, երբ ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ: Մարտական գործողությունների ընթացքում եղել է Ջեբրայիլում, զոհվել է հոկտեմբերի  15-ին՝ ԱԹՍ-ի հարվածից:

Ժիրայրը Մարգարյանների ութ երեխաներից առաջնեկն էր, տան միակ տղան, յոթն առղջիկ են: «Ինքը մի ուրիշ ձեւի ծնունդ էր, ուրիշ ձեւի սպասումով: Մեծ ուրախությամբ իրեն ուղարկեցինք բանակ»,-ասում է մայրը՝ Նառա Մարգարյանը:

Ժիրայր Մարգարյանը պատերազմից մեկ օր առաջ  զանգահարել է ծնողներին: Մոր խոսքով՝ հրաժեշտի զանգ է եղել:  «Առավոտը զանգել էր, ասում էր՝ մամ, այսօր առաջին հերթապահությունս է, կլինի՞ զրուցենք: Միշտ կրկնում էր, որ անպայման հետ է գալու: Ոնց որ հրաժեշտի զանգ լիներ, հորն ասաց՝ մամային լավ կնայեք»:

Դրանից հետո Ժիրայրն ընտանիքին զանգահարել է սեպտեբերի 30-ին եւ տեղեկացրել, որ առաջնագծում չէ, ապահով տեղում է: Սակայն, մայրն ասում է, որ առաջնագծում է եղել: «Երկու ամսվա ծառայողին տարել են առաջնագիծ, երբ չի հասցրել ծանոթանալ բանակի կարգ ու կանոնին, չէր տիրապետում զենքին»:

Ժիրայրը բանակ գնալուն անհամբերությամբ է սպասել: Ցանկացել է քառօրյա պատերազմում զոհված հայորդիների վրեժը լուծել: «Հպարտանում էր Քյարամ Սլոյանի սխրագործությամբ, ասում էր՝ երբ եմ գնալու վրեժը լուծեմ»,-հիշում է մայրը:

Ժիրայրը զոհվել է հոկտեմբերի 15-ին, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի  10-ից, նրա անունն արդեն պաշտոնապես հասցրել են ավելացնել անհետ կորածների ցուցակում: Որդու անունը կորածների ցանկում տեսնելուց հինգ օր անց Նառա Մարգարյանը տղայից զանգ է ստացել:  «Զանգեց ասաց մամ ջան, մեզ տանում են ապահով տեղ, հանգիստ եղի, բայց խաբել տարել են այն վայրը, որն արդեն թշնամու վերահսկողության տակ են: Ինձ խաբեց ասեց, որ Հադրութ են գնում, բայց իրականում Ֆիզուլի պետք է գնային»,- ասում է մայրը եւ նշում, որ հոկտեմբերի 15-ից հետո տղայի հետ կապը վերջնականապես կորել է:

Մոր փոխանցած տեղեկություններով Ժիրայրին եւ մյուս ծառայակիցներին հրամանատարը լքել է պատերազմի առաջին օրը: Հոկտեմբերի 15-ին Ժիրայրը ջոկի հրամանատարի եւ զինակից ընկերների հետ փորձել են նահանջել, բայց չի հաջողվել: Թշնամու ԱԹՍ-ի հարվածից Ժիրայրը մահացու վիրավորում է ստացել, երբ փորձել է վիրավոր ընկերոջը տեղափոխել խրամատ:  «Իշխան Վահանյանն է եղել հրամանատարը, այդ վաշտի դժբախտությունների պատճառը: Երեխաներին տարել է Ջեբրայիլի առաջնագիծ եւ ինքը փախել է: Նա պետք է պատասխան տա, եթե ոչ օրենքով, ապա Աստծո առաջ»,- ասում է Նառա Մարգարյանը:

Ընտանիքը երկու ամիս շարունակ Ժիրայրի մասին որեւէ տեղեկություն չի ունեցել մինչեւ դեկտեմբերի  14-ը, երբ Բաքվից Երեւան են տեղափոխվել 44 գերիներ: Նրանց թվում նաեւ Ժիրայրի ծառայակիցներն են եղել:

«Նրանցից եմ իմացել, որ իմ տղան զոհվել է: Տղաներից մեկն ասաց, որ զոհվել է, մյուսն ասաց՝ չի զոհվել: Ես չուզեցի հավատալ դառը ճշմարտությանը, այլ նախընտրեցի քաղցր սուտը, որ չի զոհվել, վիրավոր է ու գերի է ընկել: Պատերազմի ընթացքում աղոթում էի՝ տղաս չվիրավորվի, պատերազմի ընթացքում, երբ զգացի դառնությունը, աղոթում էի՝ գոնե վիրավոր գա, հետո աղոթում էի, որ գերի չընկնի, բայց երբ զանգերն ընդհատվեցին ասում էի՝ երանի գերի լինի, միայն թե տուն գա»,- ասում է մայրը:

Ժիրայր Մարգարյանը զոհվել է հոկետեմբերի 15-ին, բայց մարմինը Հայաստան են տեղափոխել դեկտեմբերի 13-ին, պահվել է Աբովյանի դիահերձարանում՝ հատակին դրված, ինչպես հետագայում հայտնի դարձավ հրապարակված կադրերից: Ընտանիքին տղայի մասունքները փոխանցել է միայն ինը ամիս անց: «Երբ Աբովյանի դիահերձարանի լուրը տարվածվեց, ես անկախ ինձանից զգացի, որ նրանցից մեկը իմ երեխան է, գտնվում է հատակին դրված: Ուղիղ 9 ամիսը լրանալու օրը՝ հուլիս 15-ին, զանգ եկավ ՔԿ-ի, որ ԴՆԹ-ի համընկնում կա, արեք ձեր երեխային տարեք:  Ամբողջությամբ կմախք էր մնացել, մարմնից ոչինչ չէր մնացել: Ժիրայրն ատամի վրա դուրս եկած ատամ ուներ, դրանից հասկացել եմ, որ իմ տղան է»:

Պատերազմում զոհված Ժիրայրի մորը որդուն փնտրելու 9 ամիսների ընթացքում զայրացրել եւ վրդովվեցրել են պետական կառույցների վերաբերմունքն ու անտարբերությունը: Նառա Մարգարյանը նշում է՝ կառավարությունը գրեթե ջանք չի ներդրնում անհետ կորած զինվորների կարգավիճակի մասին րոպե առաջ ծնողներին տեղեկություններ փոխանցելու հարցում:  «Ոչ թե ծնողը պետք է խնդրեին, որ պետությունը ԴՆԹ իրականացնող երկրորդ սարքը գներ, այլ իշխանությունները պետք է զգային, որ այդ սարքը խիստ անհրաժեշտ է: Մենք ենք պարտադրել, խնդրել, որ այդ ապարատը բերեն, որ ավելի շուտ ինամանք ում երեխան ինչ վիճակում է»:

Նառա Մարգարյանը հանգամանալից ներկայացնում է, թե որդու մասին տեղեկություններ փնտրելսի ինչ վերաբերմունքի է արժանացել: Քննչական կոմիտեի քննիչը, որը զբաղվում էր Ժիրայրի գործով, ըստ Նառա Մարգարյանի, իրեն տեսնելով արագ հեռանում էր: «Այս ամենի պատճառը Հայաստանի բոլոր իշխանությունների գործելավոճն է, նրանք միայն մտածեցին իրենց ապագայի մասին, ոչ թե ժողովրդի մասին: Պատերազմը դանդաղ միշտ էլ եղել է, այս տարիների ընթացքում, թշնամին զինվեց, իսկ մենք ոչինչ չարեցինք:

Գիտեք որն է ցավը, որ երեխանրի տարին չի լրացել, բայց պաշտոնյաներն ապրում են իրենց կյանքով: Էլ հարսանիքներ են անում, էլ խնջույքներ են անում, հանգստանում են տարբեր վայրերում: ԱԺ-ում կին պատգամավորներից մեկը ծանր է տանում, որ ներս մտնելուց իրեն ստուգում են այդ սարքերով, իրենք փափկասուն տիկնայք են, իրենց չպետք է ստուգեն, բայց անհետ կորած զինվորների ծողներին տարբեր սարքերով պետք է ստուգեին: Ներքեւում ստուգվում էինք, բարձրանում էինք, որ մտնեինք Նիկոլ Փաշինյանի մոտ անգամ պայուսակները չէին թողում ներս տանել, որ մեզ ներքեւում արդեն ստուգել են, բայց  մենք հանցագործներ չենք: Զարյրացած եմ բոլորի վրա, իրենք հանուն իրենց լավ կյանքի զոհում են մեր երեխաներին:

Ես հիմա հանուն վերժի եմ ապրում: Ես չեմ կարողանում իմ երեխայի շիրիմի մոտ գնալ, չեմ կարողանում  շիրիմ բառն օգտագործել

Նիկոլ Փաշինյանը, երբ եկել էր Գյումրի՝ հետաքրքրվեցի, թե ի՞նչ ապագայի մասին է խոսում, երբ 9 ամիս շարունակ ծնողը երեխային է ման գալիս եւ չի գտնում: Փաշինյանը պատասխանեց՝ ձեզ ԴՆԹ-ի պատասխան չի եկել: Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ, հարցնում եմ՝ գոնե մի անգամ մտել եք դիահերձարաններ, տեսել եք, թե ծնողին ինչ եք հետ տալիս: Ես ձեզ տվել եմ առողջ զինվոր, հետ եմ ստացել ոսկորի կտոր»,- ասաց նա:

Մարգարյաններն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանում՝ 2002 թվականից սկսած:  Տեղափոխվել են Գյումրիից, զբաղվել են անսանապահությամբ: «Լսեցինք, որ վերաբնակեցնում են մեր տղեքի ազատագրած տարածքները, ուզեցինք, որ շենացնենք, պահենք հողը, դրա համար գնացինք ապրելու»:

Արցախից հեռացել են հոկտեմբերի 20-ին, իրենց տունն այժմ թշնամուն է անցել: Այժմ բնակվում են Շիրակի մարզի Մայիսյան գյուղում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest