«Գերի ընկնելուցս 72 ժամ հետո ռոճիկս կտրում են, ու մինչեւ այսօր ոչ մեկ ինձնով չի հետաքրքրվել». նախկին ռազմագերի

400

7 տարվա պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանը իր ծառայակից ընկերների հետ պատերազմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գերության մեջ: 3 օր անց ՊՆ- ն նրան եւ մյուսներին ազատել է աշխատանքից, ինչի հետեւանքով նրանց ընտանիքները մնացել են առանց ապրուստի միջոցի:

Ստեփանյանը հիշում է, որ` ՀՀ-ից Արցախ էին մեկնել երեք ավտոբուսով` մոտ 50 հոգի: Ճանապարհին հրամանատարը զգուշացրվել էր, որ առջեւում զինված թշնամին է, սակայն զինվորականների շարասյունը ընթացքը չէր դադարացրել: Արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր, գերության ընկածներ, մինչ օրս շատերը որոնվում են որպես անհետ կորած:

« Յոթ տարի ես պայմանագրային Էջմիածնի Խիմիկներում եմ ծառայել… ութ ամիս գերեւարված էի: Հունիսի 12- ին նոր մեզ բաց թողեցին: Այս ութ ամիսներկ ընթացքում իմ ղեկավարությունըոչ մի տեսակ չի աջակցել իմ ընտանիքին: Բռնվելուցս 72 ժամ հետո ռոճիկս կտրում են, ու մինչեւ այսօր ոչ մեկ ինձնով չի հետաքրքրվել` ոնց եմ, ոնց չեմ, այս երեք երեխաները ոնց են ապրել: Ես գնացել եմ ՊՆ, ազատման դիմում եմ գրել: Նախարարին ու ԳՇ պետին էլ էս ամեն ինչի մասին նամակ եմ գրել, բայց առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել» ,- ասում է Արթուր Ստեփանյանը:

Հիշելով գերեւարման ամիսները, նա նշում է, որ ութ ամիս եղել է Բաքվի բանտում, ապա դատարանի կողմից դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման` իբր հայ-ադրբեջանական սահմանը ապօրինի անցնելու մեղադրանքով: Պատժաժամկետը պետք է լրանար սեպտեմբերին, սակայն Կարմիր Խաչի օգնությամբ Արթուրը տուն է վերադարձել ավելի շուտ` դատավճռից ոչ թե չորս, այլ մեկ ամիս անց:

Գերությունից վերադառնալուց հետո Ստեփանյանը տեղափոխվել է Կանազի զինվորական հոսպիտա, որտեղ պահվել է ընդամենը երեք օր: Որեւէ այլ առաջկցություն պետության կողմից չի ստացել:

Ստեփանյանը չի մեղադրում հրամանատարին, ում հաջողվել էր դուրս պրծնել շրջափակումից եւ ողջ մնալ: Ասում է` նա ընդամենը հրաման կատարող էր, անում էր այն, ինչ իրեն ասել էին: Սակայն նա նշում է, որ այս ամենով հանդերձ ավելի մարդկային վերաբերմունք էր ակնկալում պետությունից, ով իր պայմանագրային զինվորներին ուղարկում էր երկրի սահմանները պահելու:

« Աստված չանի, եթե վաղը մյուս օրը մի բան եղավ, էլի մենք չե ՞նք գնալու», — ասում է նա եւ նշում, որ խոսքը ոչ միայն իր ու իր ընտանիքի, այլ բազմաթիվ այլ ընտանիքների մասին է, ովքեր ընտանիքի հոր` պատերազմ մեկնելու պատճառով եւս մնացել են առանց ապրուստի միջոցի:

«Մարդ ու կին թոշակ էինք ստանում, այդ թոշակով յոլա էինք գնում: Հինգ ամիս լուր չկար, հինգ ամիս հետո նոր լուր ենք ստացել, որ Արթուրը գերի է: Մի անգամ էլ հեռուստացույցով տեսանք, որ անհայտ կորածների ցուցակի մեջ է: Դրանից հետո սկսել ենք օրը մեջ, երկու օրը մեկ Կարմիր խաչ գնալ, մինչեւ խաբար ստացանք, նոր մի քիչ հանգստացան»,- ասում է Արթուրի թոշակառու հայրը:

Ստեփանյանը նշում է, որ թե գերության ժամանակ, թե գերությունից հետո իրեն ապրելու ուժ են տվել ընտանիքն ու երեխաների սերը:

Մենք փորձում ենք Պաշտպանություն նախարարությունից պարզաբանումներ ստանալ Արթուր Ստեփանյանին աշխատանքից ազատման հետ կապված խնդիրների մասին, այն ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողներին: Նշենք միայն, որ Արթուրը այս պահին էլ չի աշխատում և նա ընտանիքը պահելու դժվարության առջև է կանգնած:

Անի Գևորգյան