Դիպուկահար, հետախույզ Արսեն Տիգրանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարում էր կարեւորագույն ռազմական հանձնարարություններ, սակայն հոկտեմբերի 20-ին իր մտերիմ երկու ծառայակիցների հետ դարձավ թշնամու ԱԹՍ-ների հերթական զոհը: Պատերազմի ընթացքում զոհվել է նաեւ Արսենի քրոջ որդին:
Արսեն Լեւիկի Տիգրանյանը ծնվել է 1993թ. ապրիլի 12-ին, Կոտայքի մարզ Գողթ գյուղում, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2010թ.-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի Վայքի զորամասում, եղել է ավտոմեխանիկ, զորացրվել է 2012թ.-ին։ 2013 թվականից սկսել է ծառայել Հատուկ նշանակության բրիգադում։
Պատերազմի մեկնարկի օրը նա արձակուրդում էր, ընկերների հետ Ապարանում հանգստանում էր, երբ նրան շտապ կանչում են զորամաս: Նա միայն հասցրել էր զանգել ծնողներին, ասել, որ մեկնում է Արցախ, որ իր համար չանհանգստանան: Պատերազմի օրերին նա մի քանի անգամ զանգահարել է հարազատներին, սակայն նրանք շատ լավ գիտեին, որ չպետք է շատ հարցեր տան ու իրավիճակի մասին հարցուփորձ անեն:
Հոկտեմբերի 16-ին Արսենը վերադառնում է Հայաստան` հրամանատար Վահագն Ասատրյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: Զինվորականի հոր խոսքով, հենց հրամանատարի մահն է, որ որոշիչ դեր է ունենում Հատուկ նշանակության բրիգադի տղաների հետագա ողբերգական ճակատագրում:
Արցախ մեկնելուց առաջ Արսենը հորն ասել է, որ Ասատրյանի մահից հետո այլեւս անպաշտպան են լինելու, նոր հրամանատար չեն կարող ունենալ.
«Մենք անտեր ենք մնալու, ասեց: Չորս օր հետո դեպքը եղավ»,- ասում է հայրը` Լյովա Տիգրանյանը: Մայրը պատմում է, որ այդ ժամանակ, երբ որդին կարճ ժամանակով կարողացել է տուն մտնել, ինքը հիվանդ պառկած է եղել. «Ես սիստեմաների տակ պառկած էի: Ինքը շատ տխուր էր: Ասեց` մամ, ամեն ինչ լավ կլինի, դու հանգիստ բուժումդ ստացիր: Ինքը իմանում էր, որ քրոջ որդին` թոռս զոհվել է, բայց ոչ ոքի չէր ասել»:
«Ասում էինք ամուսնացի: Սիրիա գնաց, եկավ: Ասում էր` հես ա Չինաստան պետք է գնանք: Ասում էի` դե լավ ա, ամուսնանալը մոռացել ես…Ամբողջ գյուղն իմանում էր, թե ինչ է եղել հետը, բայց ինձ չէին ասում գիշերը: Առավոտ շուտ ամբողջ գյուղն եկավ մեր տուն, նոր իմացանք… Ասում էի` մի գնա, մեռնեմ քեզ, ասեց` չէ, մամա, ես պիտի գնամ»,- պատմում է մայրը` տիկին Վերան:
Հարազատները պատմում են, որ իր ծառայության մասին Արսենը երբեք շատ չէր խոսում, բայց պարբերաբար լուրեր էին հասնում այն մասին, թե նա ինչ լավ ու տաղանդավոր զինվորական է:
Գողթ գյուղը 44-օրյա պատերազմին տվել է հինգ զոհ:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: