Հրետանավոր նշանառու Արսեն Մելքոնյանը  պատերազմի էր մեկնել առանց ծնողներին զգուշացնելու, չսպասելով զինկոմիսարիատի կանչին: 15 օր մարտեր վարելուց հետո, նա իր հինգ ծառայակիցների հետ զոհվել էր ԱԹՍ հարվածից:

Արսենը 33 տարեկան էր, ապրում էր Գողթ գյուղում: Նա զբաղվում էր կահույքագործությամբ, քարտաշությամբ, վերջերս էր ավարտել ծնողների տան վերանորոգումը: Գողթ գյուղի կենտրոնում այժմ կանգնեցված է զոհված  հրետանավորի ձեռքերով պատրաստված խաչքարը:

Պատերազմի մասին լուրը Արսենի մայրը` տիկին Սեդան լսել էր աշխատանքի վայրում. «Շատ տխուր տուն եկա, ասեցի, Արսեն, ասում են, չաստ են տրաքացրել, էսպիսի վիճակ է: Ասեց` մամ, սուտ բաներ են, չաստը գիտե՞ս ինչ բան է, ինչքան մարդ կա մի չաստում, տենց բան չկա, դու ոչ մեկին մի հավատա… Ճիշտ է, տեղեկություններ այդքան չկային, բայց լուրերով լսում էինք… Հաջորդ օրը գնացի աշխատանքի, հետ եկա , հարսս հաց էր սարքում, հարցրեց` հաց դնե՞մ, ասեցի զանգի Արսենին, ինքը գիտեր, բայց բան չասեց: Աղջիկս զանգեց, հարցրեց` Արսենի հետ խոսացե՞լ ես, ասեցի` չէ, զանգում եմ, որ գա հաց ուտենք, ասեց` զանգի: Իրա ձայնից էլ ինչ որ բան զգացի: Զանգեցի, ասեցի` Արս ո՞ւր ես, հաց ենք ուտում, ասեց, դուք կերեք, ես արդեն Երասխ եմ հասել: Ինչքան խնդրեցի: Արսեն, հետ արի, մի գնա, թող կանչեն, նոր գնա: Ասեց` մամ, մի համոզի, գիտես որ հետ չեմ գա»:

Մայրն ասում է` երեւի ուժերի վրա շատ վստահ էր, ինքը չգիտեր, թե սա ինչ պատերազմ էր, չգիտեր, թե ինչ էր կատարվելու. « 15 օր կռվելուց հետո, ամսի 12-ին վերջին անգամ խոսացինք, այս ժամերին` ժամը հինգը, վեցն էր: Ես զգացի, որ ձայնը փոխվել է, ինքը ուրիշ ձեւ էր խոսում: Մամ, տատին ո՞նց է, դուք ո՞նց եք: Լավ նայեք ձեզ: Արսեն, խնդրում եմ, ասացի, այդքան կռվել ես, թող հերթափոխ լինի, թող, արի, թող չլինի հերթափոխ, դու թող արի: Մամ, ասեց, որ տեսնես նոր ծառայողները գիշերը ոնց են լացում, ո՞նց թողես գաս: Տենց էլ չեկավ ու չեկավ: Հոկտեմբերի 13-ին այդ դեպքը եղավ»:

Հայտնի է, որ Արսենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, իսկ մինչ այդ` հոկտեմբերի 9-ին ոտքի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել, սակայն շարունակել էր մասնակցել մարտերին: «Ասում են, իրանք առավոտյան սուրճ խմելիս են եղել, տղաներից մեկը պետք է հրանոթը կապեր մեքենային: Այդ պահին Արսենի ընկերը` Դավիթն է գնում դա անելու: Արսենը տեսնում է, որ չի կարողանում Դավիթը անել: Սուրճի բաժակը դնում է, գնում է ընկերոջը օգնելու: Ինքը ոտքից արդեն վիրավոր էր, դժվարությամբ էր քայլում: Վիրավոր, թոփլալով գնացել է: Աշխատանքը անելու ժամանակ Բայրաքթարը խփել է: Վեց հոգի տեղում միանգամից զոհվել են»,- պատմում է մայրը:

Արսեն Մելքոնյանի մասունքները գտել են ԴՆԹ հետազոտության միջոցով` դեկտեմբերի 4-ին:

«Այդքան երեխա, այդքան տառապանք:  Ու դեռ շարունակվում է: Գոնե մեր էրեխեքով ավարտվեր այս ամենը: Եղել եղել էր, գոնե էլ չշարունակվեր…»,- ցավով նշում է զոհվածի մայրը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest