Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամեձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև օգոստոսի 17-ին:

Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած հրաձգության հետևանքով օգոստոսի 16-ին դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Վահան Թաթոսյանը, իսկ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ զինծառայող Արման Հակոբյանը: Օգոստոսի 17-ին հրազենային վիրավորում է ստեցել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։ Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում՝ վիրավոր զինծառայողին:

Հատկանշական է, որ այս գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ:

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ  ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը: Դրանք նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը:

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը:

ՀՀ ԱԳՆ

Pin It on Pinterest