Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ  34-ամյա  Վաչագան  Նահապետյանի հարազատները մեզ դիմավորում են արտասվախառն  աչքերով:  Սեպտեմբերի  27-ին լսելով արցախյան  երկրորդ  պատերազմի բոթը՝  Վաչագանը   սեպտեմբերի 29-ին անմիջապես մեկնում է Արցախ:

Քույրը՝ Իրինան, հիշում է, որ ոչ մեկին նույնիսկ հրաժեշտ չի տվել, <հաջող> չի ասել, միանգամից  գնացել է:

<Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ Փիրոյանը, եկավ, ասաց, որ գնում է, ստորագրի, հետ գա: Գնաց ու այդպես էլ չեկավ: Զանգեցինք, ասաց, որ գնում է արդեն, ոչ մի բան չունի մոտը, ինչ պետք է՝  ուղարկենք: Դրոյի եւ Արթուրի միջոցով իրերն ուղարկեցինք >,- պատմում է Իրինան:

Վաչագանը  ծառայել է Մարտունի  2-ում, զոհվել է  Վարանդայում (Ֆիզուլի) հոկտեմբերի 25-ին, իր որդու ծննդյան օրը:

<Տղաներն ընկել էին շրջափակման մեջ, Վաչագանը  բարձրացել է բլուրի վրա, իրենց մոտ մի գերի է եղել՝ ոտքից վիրավոր, փորձել է Վաչիկին քաշել ներքեւ: Վաչիկն էլ ոտքով հրել է նրան, ասել է՝ ես  արդեն երկու նռնակ քաշել եմ, սրանց էլ հետս տանելու եմ, դուք փրկվեք: Հետո բարձրաձայն գոռացել է, որ ես գերի ընկնողը չեմ: Այդ պահին  ադրբեջանցիները հարձակվել են իր վրա, որ քաշեն ու տանեն, ինքն իրեն պայթեցրել է: Ընկերները ներքեւից միայն պայթյունի ձայն են լսել: Իրեն պայթեցնելով՝ Վաչագանը  վեց ընկերոջ է փրկել, հինգ ադրբեջանցու էլ հետը տարել: Էս ամենը պատմել է իրենց հրամանատար Արթուրը, մյուս ընկերներից էլ պատմել են Վահեն, Վախթանգը, որոնք գնում-գալիս են մեր տուն: Մենք այդ ամենի մասին իմացել ենք հոկտեմբերի 27-ին: Վաչագանի  աճյունը բերել են արդեն այս տարվա հունվարի 6-ին, հուղարկավորել ենք հունվարի 7-ին: Ադրբեջանցիները գրավել էին այդ տարածքը, դրա համար շուտ չեն կարողացել գտնել: Միայն հրադադարից հետո  <Կարմիր խաչ>-ի օգնությամբ հաջողվել է գտնել աճյունը>,- հիշում է զոհվածի քույրը:

Մայրը՝ Ալլան, ասում է, որ դեռ ծառայության ժամանակ որդին շնորհակալագրեր ու մեդալներ  է ստացել, իսկ հետմահու ԼՂՀ նախագահի 2021թ. հրամանագրով պարգեւատրվել է <Մարտական խաչ> 1-ին աստիճանի շքանշանով: Ալլան վստահ է եղել, որ իր որդին կփրկվի, սակայն այդպես չեղավ…

Վաչագանի  կինը՝ Մարիամն, ասում է, որ մինչեւ հիմա սպասում է ամուսնուն:

Մինչեւ հոկտեմբերի 24-ը Վաչագանը  կապ է պահպանել իր հարազատների հետ, հեռախոսազրույցի ժամանակ երբեւէ  չի դժգոհել պայմաններից, կատակներ է արել: Ընկերները պատմել են, որ միշտ բրդուճներ է պատրաստել եւ հյուրասիրել ընկերներին, անծանոթ մարդկանց, որպեսզի կարողանան դիմանալ:

Վաչագանի  որդին՝ Հարությունը,   ութ տարեկան է, գիտակցում է, որ հայրը չկա, էլ չի գալու, իսկ չորսամյա դուստրը՝ Ալլան, դեռ սպասում է հորը: Նա սպասում է, որ հայրը կգա, պուճուր ձուկիկ կբռնեն, որ ժարիտ անեն եւ ուտեն:

Մայրը՝ Ալլան,  թեւաթափ է եղել նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնությունը լսելուց հետո:

<Գոնե հաղթեինք, գոնե տարածքները չհանձնեին>,- մղկտում է նա:

Իրինան հիշում է, որ երբ եղբայրը ծառայում էր, չեն լսել, թե նա տրտնջար, նույնիսկ արձակուրդ չէր գալիս: Հիշում է, որ Վաչագանը շատ էր սիրում կենդանիներ, սակայն նրա սիրած ուլիկը ծննդյան օրը մորթեցին, մնացին աղունիկները, որոնց ինքն է պահում:

Իրինային պատմել են նաեւ, որ Մոսկվայում մի բլոգեր գրել է իր եղբոր հերոսության մասին, իսկ Հայաստանում ժամանակն է, որ թացը չորից  տարբերեն, իրական հերոսներին մեծարեն, ոչ թե նրանց, ովքեր այդպիսին են ներկայանում:

Արմավիրցի Հակոբ Դանիելյանն էլ հոկտեմբերի 2-ին մեկնել է Ջրական: Չորս օր ընկերների հետ անցկացրել է Ջրականում, ռմբակոծությունների տակ են ընկել, հետո նրանց նահանջի հրաման է տրվել, քանի որ զորք չի եղել, որ կռվեն: Եկել են Հայաստան, սպասել, որ նորից կկանչեն, սակայն չեն կանչել:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest