ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով անցնում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած անձիք եւ նրանց մերձավորները: Forrights.am-ն ուսումնասիրել է գլխավոր դատախազության կողմից ՀՀ քաղաքացիներին ուղարկված ծանուցումները եւ նույնականացրել, թե նրանք ովքեր են ու ինչ ազգակցական կապեր ունեն «նախկինների» հետ:

Այսպես, Գլխավոր դատախազությունը 2021 թվականի հուլիսի 28-ին ծանուցում է ուղարկել Նարեկ Լյովայի Սարգսյանին: 33-ամյա Նարեկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի որդին է: Բնակվում է Երեւանի Վաղարշ Վաղարշյան փողոցում: Դատախազությունը չի հստակեցնում, թե Սերժ Սարգսյանի եղբորորդին ենթադրյալ ինչ գույք է ապօրինի ձեռք բերել: Ուշագրավ է, որ Նարեկ Սարգսյանը հոր պաշտոնավարման տարիներին որպես փոխկապակցված անձ ունեցվածքի հայտարարագրեր չի ներկայացրել, թեեւ հաշվառված են նույն հասցեում: Ամեն դեպքում այն բացակայում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:

Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի համաձայն, սակայն, Նարեկ Սարգսյանը երկու տասնյակից ավել ընկերություններում փայաբաժններ է ունեցել, որոնց մի մասը  հետագայում օտարել է:

Սրգսյանների ընտանիքց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում նաեւ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը: Նրան դատախազությունը ծանուցել է մեկ շաբաթ շուտ՝ քան եղբորը: Հոր պաշտոնավարման տարիների ընթացքում Անի Սարգսյանը որեւէ գույք կամ խոշոր դրամական միջոցներ  չի հայտարարագրել:

Սրգսյանների ընտանիքց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը չեն շրջանցել  Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահկյանին եւ հարսին՝ Սեդա Հակոբյանին: Հիշեցնենք՝ Արման Սահակյանը ՀՀԿ իշխանության տարիներին ղեկավարել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ կինը՝ Սեդա Հակոբյանը, զբաղեցնում է Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը: Հիշեցնենք՝ Սեդա Հակոբյանը 2017 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ լինելով մանկապարտեզի տնօրեն զբաղված էր ամուսնու համար քվեների հավաքագրմամաբ:

Սարգսյանների եւ Սահակյանների դեպքը միակը չէ, որ ընտանիքներով են անցնում այս գործերով: Էրեբունու Արցախ փողոցում գրանցված Վարդանյանների ընտանիքց, օրինակ, երեք հոգի է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: Խոսքը Արամ Վարդանյանի, նրա տղայի ու աղջկա՝ Կարեն Վարդանյանի եւ Ելենա Վարդանյանի աղջկա մասին է: Նշենք, որ Արամ Վարդանյանը հայտնի է «Վստրեչի ապեր» անունով:

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը, զոքանչը, դուստրն ու որդին, ինչպես նաեւ ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը, նրա որդին, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին եւս անցնում են ենթադրյալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքերի գործերով:

Հայաստանի Ազգային ժողովը 2020-ի ապրիլին ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենք, որը շրջանակներում ուսումնասիրության էին առնվելու 50 մլն եւ ավելի արժեք ունեցող գույքերը: 

Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչությունը 2020-ից մինչ այս պահը բացահայտել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ ու 5 շարժական գույք, բաժնետիրական 3 ընկերության բաժնետոմսեր և մոտ 6,2 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք»,- փոխանցում են դատախազությունից։

Նարեկ Կիրակոսյան  

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest