Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտնում են  ԱԳՆ-ից։

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։

Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։

Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest