«Տղայիցս բերել են մի փոքր մասունք, վարկածն այն է, որ տրաքացրած է»

861

2020-ի հոկտեմբերի 10- ին Սամվել Մուրադյանը  12 ծառայակիցների հետ միասին ընկել են թշնամու 200 հոգանոց դիվերսիոն խմբի շրջափակման մեջ: Այս 12 հոգուց երկուսը մինչ օրս որոնվում են, որպես անհետ կորած, իսկ Սամվելից հայտնաբերվել է փոքր մասունք:

Կոտայքի մարզի Գետարգել գյուղի մուտքի մոտ կարելի է տեսնել Սամվելի մեծ նկարը: Հարազատները ասում են` նա ոչ թե զոհվել է, այլ նահատակվել:

Զոհված զինվորի մայրը` տիկին Նելլին պատմում է, որ որդին պատերազմի նախօրեին զանգահարել է հարազատներին. «Ինձ զանգեց, ասեց` մամ ջան, ինչ կլսես, ինչ կկարդաս` չհավատաս: Մենք ինժիներական ենք, պաչում եմ քեզ, մամ ջան: Ու արագ անջատեց հեռախոսը»:

Զինվորի ծնողները առավոտյան արթնացել են ու իմացել, որ պատերազմ է սկսել: «Իմ տղան Արալեռան մոտ էր ծառայում (Հադրութ –հեղ.) Կանգնած են եղել 9-րդ կմ-ի T-աձեւ խաչմերուկն են պահել: Շատ վտանգավոր գոտում են կանգնած եղել հարավային կողմում… Հադրութի վերջում, Ֆիզուլիի արանքում իրենց զորամասն էր Արալեռը, Արալեռից մի քիչ հեռու էին կանգնած էրեխեքը»,- պատմում է մայրը:

Նա հիշում է որդու հետ իր ունեցած ամենածանր հեռախոսային խոսակցությունը. «Հրադադարի առավոտն էր, զանգեց, ասեցի` քիչ մնաց, տղես, դիմացի, հես ա պատերազմը կանգնում ա, պապադ յոթ գառ է խոսք տվել մատաղ անի: Քեֆ ենք անելու: Մամ, ասեց, ի՞նչ քեֆ: Առաջին անգամ ինքը պատերազմից խոսեց: Ին ՞չ քեֆ, ասեց, դու գիտե՞ս, ես էստեղ ինչ ընկերներ եմ թողնում: Մինչ օրս ես ամաչում եմ այդ ասածիս համար: Հետո ասեց, մամ ջան, դե քեզ լավ կնայես: Ձայնը ընդհատվեց, ինձ թվաց, թե անջատել է, ուղղակի հեռախոսը չի անջատել, մտածեցի լսեմ, տեսնեմ, թե ինչ է կատարվում, հեռախոսը ես էլ չանջատեցի: Մի քանի վայրկյան ընդմիջումից հետո ասեց` մինչեւ գամ: Հասկացա, որ ինքն էլ հրաժեշտ տվեց»:

Հայտնի է, որ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 10-ին: 

«Հոկտեմբերի 10-ին առավոտյան գնում են դիրքավորվելու, դիմացից Վիլիսն է գնացել, երեք զինվորների ու փոխգնդապետի հետ, հետեւից իմ տղան: Վարորդ էր իմ տղան: Այդ մեքենայում իմ տղան է լինում, կողքը` հրամանատարը ու ութ զինվոր: Որ տեսնում է, որ արդեն շրջափակման մեջ են ընկել, դիմացի Վիլիսին սկսել են խփել, հետ է քշում մեքենան, տանում է, արահետի հատվածում մեքենան կանգնացնում է: Հետեւից կրակում են: Հրամանատարն ու չորս զինվորը տեղում մահանում են: Տղաս մեքենայից իջնում է, երկու զինվոր նրան մեկ վիրավոր զինվորին են փոխանցում: Իջացնում, դնում է վիրավորին: Երկու զինվորներից մեկն էլ է մահանում: Ինքն էլ ու այդ մի ընկերն էլ տեսնում են, որ փոխգնդապետը կանգնած բոյ է տալիս, վազում են նրան օգնության… Երկու հոգու ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, նրանց մասին լուր չկա»,- պատմում է տիկին Նելլին: Նրա խոսքով, ի սկզբանե Սամվելի մասին լուր չի եղել, ամիսներ շարունակ նրան չեն կարողացել գտնել, սակայն հունվարի 10- ին դեպքի վայրում ընթացքող որոնողական աշխատանքները վերջապես արդյունք են տվել. «Տղայիցս բերել են մի փոքր մասունք: Վարկածն այն է, որ տրաքացրած է»:

Տիկին Նելլին նշեց, որ դեռ ընթանում էին որդու որոնողական աշխատանքներ, երբ ինքը հանդիպել է մի զինվորի, ով պատմել է, որ պատերազմի ընթացքում Սամվելը փրկել է իր եւ եւս 80 զինվորի կյանք` օգնելով նրանց դուրս գալ սխալ ճանապարհից եւ թույլ չտալով նրանց ընկնել շրջափակման մեջ:

Անի Գևորգյան