Մոսկվայի «դաբրոյին» սպասելո՞վ. ԱԳ նախարարի նշանակումը՝ փակուղում

74

Հայաստանի արտաքին գործերի նախարարի նշանակման գործընթացը հայտնվել է փակուղում: forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա սա պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտոնական Երեւանն այս պաշտոնի համար ցանկանում է նշանակել Կրեմլի համար ոչ ընդունելի թեկնածուի, իսկ նրանք, ովքեր ընդունելի են Մոսկվայի համար չեն վայելում Փաշինյանի կառավարության վստահությունը:

«Կան այնպիսի պաշտոններ այնվտանգության եւ պաշտպանության, արտաքին ոլորտներում, որտեղ ցանկալի է, որ պաշտոնը զբաղեցնողն ունենա գործընկերային հարաբերություններ Մոսկվայի պաշտոնյաների հետ: Այդ առումով ընտրությունը բավականին բարդ է»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ձեւավորեց կառավարության կաբինետը: Բոլոր նշանակումներն արված են, բացի ԱԳ նախարարի: Ակնկալվում էր, որ այս առանցքային կառույցի ղեկավարի նշանակումն առաջիններից կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 27-ին հրաժարական էր ներկայացրել ԱԳ նախարար Արա Այվազյանը, իսկ փոխնախարաները ազատվեցին մի քանի օր անց: Այսպիսով  Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավար չունի մոտ երեք ամիս: Նման իրավիճակը Հայաստանի արտգործնախարարությունում աննախադեպ է 1991թ.-ից ի վեր։ Օրինակ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության յուրաքանչյուր  տասը տարիների ընթացքում մեկական անգամ է նշանակվել ԱԳ նախարար:

Հուլիսի 14-ից ԱԳՆ ղեկավարում է նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանը:

«Այն, որ Արմեն Գրիգորյանը նշանակվել էր առաջին տեղակալ ենթադում էր, որ որոշումն արդեն ընդունված է, թե ով է լինելու նախարարը, բայց տեսնում ենք, որ նշանակումը ձգձգվում է: Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ կա եւս մեկ անձ, ում պետք է եւս տեղավորել բարձր պաշտոնի, իսկ տարբերակներից մեկը ԱԳ նախարարի պաշտոնն է: Հաջորդ խնդիրն էլ այն է, որ պետք է համաձայնեցվի այդ պաշտոնը այլ աշխարհաքաղաքական կենտրոնների՝ առաջին հերթին ՌԴ-ի հետ: Չի բացառվում, որ ՌԴ-ի համար երկու թեկնածուներն էլ ընդունելի չեն»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

ԱԳ նախարարի պաշտոնում շրջանառվում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի թեկնածությունը:  Արմեն Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը մինչ իշխանություն ստանձնելն՝ ընդդիմադիր տարիներին հայտնի էին հակառուսական հայացքներով, արեւմտամետ դիրքորոշումներով եւ հակառուսական ցույցերին մասնակցելով:

«Ցույցերը դժվար թե անհանգստացնեն Կրեմլին, քանի որ բոլորն էլ գիտեն՝ ով էլ նշանակվի անելու է այն ինչ չի խանգարի Պուտինի եւ Փաշինյանի հարաբերությունների համար: Շատ կարեւոր է, թե թեկնածուն ինչ համբավ ունի Ռուսաստանում: Եթե անձը խնդիր չի առաջացնում Կրեմլի համար, բայց եթե ՌԴ -ում լրատվամիջոցներն ու հասարակական գործիչները ստեղծել են տպավորություն, որ նա արեւմտամետ է: Եթե նման անձ նշանակվի, ապա ՌԴ-ում հանրության մոտ հարցեր կառաջանան, կասկածներ կլինեն, որ այս նշանակումը եղել է առանց Մոսկվայի հավանության, հենց սա է կաշկանդում Մոսկվային: Իսկ այն անձիք, որոնք չեզոք կարծիքի կարժանանան Կրեմլի կողմից չունեն վստահություն Հայաստանի քաղաքական իշխանության կողմից: Փակուղու նման մի բան է ձեւավորվել»,- ասում է Բորիս Նավասարդյանը եւ հավելում, որ պատերազմից հետո ԱԳՆ-ի գործունեությունը շատ սահմանափակ է դարձել:

«Որեւէ նախաձեռնողականություն բացի հայտարարություններից ոչինչ չենք տեսել: Մեզ համար արդեն սովորական է դարձել, որ բազմակողմանի արտաքին հարբերություններով չենք զբաղվում, մեզ համար կարեւոր է մեկ-երկու հարց՝ արտաքին օրակարգից, որով պետությունը զբաղվում է, իսկ այդ պարագայում մի ամբողջ նախարարություն ունենալ պետք չէ, դրանով կարող է զբաղվել վարչապետի աշխատակազմը»:

Ազգային ժողովում իշխանական պատգամավորները հակված չէին այս հարցին պատասխանել: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը նախկինում եղել է ԱԳ փոխնախարար մեր մի քանի փորձերին ի պատասխան ասաց, որ հետո կտա հարցազրույց, մյուս փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ  «կնշանակվի»: Նիկոլ Փաշինյանի հավատարմիներից Արման Եղոյանն էլ հարցը լսեց եւ անձայն հեռացավ: Թեմայի շուրջ մեկնաբանություն ցանկացավ տալ միայն Հռիփսիմե Գրիգորյանը, որը փոխանցեց հետեւյալը.

«Մենք ժամկետ ունենք օրենքով, երբ որ պետք է կառավարության ամբողջական կազմը նշանակվի, ինչպես գիտեք գրեթե բոլոր նախարարները նշանակվել են, անպայման կնշանակվի աևտգործնախարարը: Ես կարծում եմ, որ այստեղ խնդիր չունենք, ունենք նախարարի առաջին տեղակալ, որը կատարում է նախարարի պարտականությունները»,- ասաց իշխանական պատգամավորը:

Գրիգորյանն անդրադառնալով կարծիքներին, թե Մոսկվայից համաձայնություն չկա ԱԳ նախարարի՝ Երեւանից առաջարկված թեկնածուներին, ասաց. «Եկեք չընկենք ենթադրությունների գիրկը, ընդամենը հաշված օրերը են մնացել եւ կհրապարակվի անունը»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, սակայն, նշում է, որ հիմնական պատճառներից մեկը ՌԴ-ի համաձայնությունն է, իսկ մյուսը՝ Փաշինյանի կառավարության կադրային սովը:

«ԱԳ նախարար չնշանակելը երկու պատճառ ունի՝ արտաքին եւ ներքին: Ներքինն այն է, որ կադրային բազայի հետ կապված խնդիրներ կան, Փաշինյանն ընտրության լայն հնարավորություն չունի: Արարատ Միրզոյանի եւ Արմեն Գրիգորյանի անուններն է շրջանառվում, բայց այնպես չէ, որ նրանց աշխատանքային գործունեությունը հաջող է անցել: Փնտրտուքների մեջ է: Արտաքին ազդակներին էլ է սպասում, քանի որ կան մի քանի գործընկեր պետություններ, մի գուցե փորձում են այդ երկրներից արձագանքեր ստանալ: Որքան էլ հերքեն պարզ է, որ համաձայնեցնում են: Երկու թեկնածուներ կան երկուսն էլ Մոսկվայի սրտով չեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նարեկ Կիրակոսյան