Սույն թվականի մարտ ամսում «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ներկայացվել ԱՀ դատախազություն այն մասին, որ ԱՀ տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ դատախազությունը։

Հիշյալ հաղորդման հիման վրա 01.04.2021թ. հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը:

Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:

Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը` միաժամանակ գույքային վնաս  հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:

Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest