57-ամյա Լավրիկ Նագդալյանը մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը մասնակցել էր նաեւ  Արցախյան առաջին պատերազմին, հետոՙ  2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին:

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին իսկ օրերին Լավրիկը տագնապով է լցվում, հասկանում է, որ սա իր տեսած նախկին պատերազմը չէ, այստեղ այլ հմտություններ, պատերազմ վարելու այլ կանոններ են պահանջվում: Աբովյանի երկրապահների հետ նա հոկտեմբերի 1-ին մեկնում է Արցախ, իսկ տասն օր անց զոհվում Հադրութում:

<Շատ էին հավաքվում  ԵԿՄ-ում, շատ տեղեկություններ իմանում էին հենց իրենց շտաբից: Ես շատ լավ պատկերացնում էի, թե սա ինչ պատերազմ է, ամուսնուս ճանապարհել եմ մի ներքին համոզումով, որ ինքը հետ չի գալու: Լավրիկն ասում էր, որ սա զենքի կռիվ չէ, բայց ավագների ներկայությունը պետք է այնտեղ, նրանք պետք է լինեն երիտասարդների կողքին, գոտեպնդեն նրանց: Ինքը ժամ առաջ ուզում էր գնալ, իրեն հնարավոր չէր պահել>,- պատմում է կինը՝ Վեներա Համազարյանը:

Հիշում է, որ այդ տասն օրվա ընթացքում երկու անգամ միայն որդու հետ է խոսել, ասելՙ մամային լավ նայիր, երեխեքին լավ նայիր: Վեներան ասում է, որ ազատամարտիկ ամուսինը պնդում էր, թե ինչ գնով էլ լինի, մենք ոչ մի զիջման չպետք է գնանք, մեր հողը չպետք է թողնենք ադրբեջանցիներին:

<Արյան գնով էլ պետք է պահենք մեր հողը, ինքը չէր կարող հակառակը մտածել >,- ասում է նա:

Վեներան պատմում է, որ փոքր որդին՝  Հայկն էլ է պատերազմի օրերին գնացել Արցախ, դեղորայք, սնունդ  տարել զինվորներին: Իսկ մինչ այդ նա ծառայել է Արցախում ՝ Մարտունիում:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք մեր քաղաքական ղեկավարության մեղքո՞վ չէր, որ ժամանակին չնախընտրեց փոխզիջման ճանապարհով տարածքների հանձնումը, որպեսզի այդ ամենը չհանգեցնի այս աղետալի պատերազմին:

<Ես մի րոպե անգամ չեմ մեղադրել մեր վարչապետին, երբ նոյեմբերի 9-ին ստորագրեց համաձայնությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ: Մինչ այդ էլ չեմ մեղադրել: Եթե մենք դեռ այստեղ նստած ենք, դա այդ փաստաթղթի շնորհիվ է: Ես  շատ կուզենայի, որ այդ համաձայնությունը ստորագրվեր հենց առաջին օրը, ինչքան հնարավոր է ՝ շուտ, որպեսզի այսքան զոհեր չլինեին: Մենք ինչքա՞ն կարող ենք զիջել Ադրբեջանին, եթե այդպես զիջելով լինի, նրանք կհասնեն Երեւան: Ես շնորհակալ եմ մեր վարչապետին այնքանով, որ այդ ստորագրությամբ նա կարողացավ գոնե ոմանց կյանքը փրկել: Չէ՞ որ, բոլոր կռվածներն էլ, սահմանին կանգնածներն էլ մեր երեխեքն են: Ես ուրախ եմ, որ ամուսնուս դիակը գտանք երեք օր հետո: Հիմա մայրեր կան, որոնք իրենց երեխաների դիակները, մասունքները մինչ օրս չեն գտել>,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Վեներա Համազարյանը:

Վեներան կարծում է, որ ամուսինը եթե ապրեր, ապա շատ ծանր կտաներ Արցախի ազատագրված տարածքների կորուստը:

Հրաժեշտից առաջ փոքրիկ Էրիկին հարցրեցինք, թե գիտի՞, արդյոք, թե որտեղ է իր պապիկը:

<Պապիկը զոհվել է, որ մենք ապրենք>,- ասաց Էրիկը:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest