Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր մերժեց նրա կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Լրագրողների հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ ժպիտով են վերաբերվում դատարանի այս որոշմանը եւ կարծում են, որ ոչ թե իրենք են պարտվել, այլ դատավորը․ «Մնացական Հարությունյանը երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Սերգեյ Մարաբյանը, իսկ Առուշ Առուշանյանը, միեւնույնն է, գտնվելու է ազատության մեջ»,- ասաց նա։

Ալեքսանյանը հայտնեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո դրա դեմ վճռաբեկ բողոք կներկայացնեն, թեեւ Վճռաբեկ դատարանից եւս ակնկալիքներ չունեն․ «Կսպառենք նաեւ Վճռաբեկ դատարան դիմելու ընթացակարգը, որից հետո կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետեւ այս որոշումները որեւէ աղերս չունեն իրականության հետ»։

Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, մեղադրվում է երկու եւ ավելի անձանց ընտրակաշառք տալը նախապատրաստելու, մի խումբ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Պաշտպանական կողմը բողոքարկել էր այս որոշումը, սակայն բողոքի քննությանը չէր մասնակցել՝ հայտարարելով, որ վստահություն չունի դատարանի նկատմամբ։ Պատճառն այն էր, որ կալանավորման որոշման դեմ բողոքը Մնացական Հարությունյանին է մակագրվել Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից, քանի որ ավտոմատ մակագրման համակարգիչները Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում առգրավվել են։ Պաշտպանը հետաքրքրվել էր դատավորից՝ արդյո՞ք նա փորձել է դատարանի նախագահից պարզել, թե ինչ սկզբունքով է հենց իրեն մակագրվել այս բողոքը, սակայն դատարանը բավարարող պատասխան չէր տվել՝ ասելով, որ նման հարց չի քննարկել եւ առհասարակ, այս գործը որեւէ մեկի հետ չի քննարկել։ 

Միլենա Խաչիկյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest