Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանավորված։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մերժեց նրա կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Այս մասին «Forrights»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, կազմակերպել եւ իրականացրել է համայնքին պատկանողեւ ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:

Նշենք, որ Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը դատավոր Ռուզաննա Բարսեղյանին էր մակագրվել ոչ թե համակարգչային ավտոմատ ծրագրով, այլ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից, քանի որ Վերաքննիչ դատարանի մակագրման համակարգիչները Ազգային անվտանգության ծառայության կողմից առգրավվել են մակագրման գործընթացին ապօրինի միջամտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ այդ դեպքում քրեական գործերը եւ բողոքները, ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, հավասարաչափ բաշխում է տվյալ դատարանի նախագահը:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ բողոքի քննության առաջին նիստին պաշտպան Երեմ Սարգսյանը կասկածի տակ էր դրել դատարանի անաչառությունը՝ պահանջելով իրենց ներկայացնել որեւէ փաստաթուղթ, երաշխիք, որը կհավաստի, որ բողոքը տվյալ դատավորին է մակագրվել ըստ օրենքի պահանջի՝ այբբենական հերթականությամբ, սակայն ինչպես պաշտպանն էր ավելի վաղ հայտնել, դատավորը նշել էր, որ նման փաստաթուղթ ներկայացնել չի կարող, քանի որ չունի։

Միլենա Խաչիկյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest