Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները:

2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest