Կամավորական բժիշկ-զինվոր Պատվական Բաբասյանը, որը 44-օրյա պատերազմ է մեկնել հոկտեմբերի 20-ին, վերադառնալուց հետո կորցրել է քունը: Այն, ինչ տեսել է, նրան հանգիստ չի տալիս,  մանավանդ հուշն այն տղաների մասին, որոնք արդեն չկան:

Նրանցից մեկի անունն այդպես էլ չի իմացել, բայց ասում է, որ այդ տղային երբեք չի մոռանա:

Նրա հետ ծանոթացել է առաջնագիծ մեկնելու ճանապարհին, երբ տանից դեղորայք ու բուժմիջոցներ հավաքած, մեկնել է Արմավիրի ուսումնական կենտրոն, որտեղից էլ 25 կամավորներով շարժվել են դեպի Գորիս: Բայց տղայի անունը Պատվականը չի հարցրել ու այդպես էլ անվանում  է նրան խոսքի մեջ՝ «Սպիտակ բոթասներով տղա»:

Պատմում է. «Ինձանից առաջ մեքենա բարձրացավ սպիտակ փայլուն բոթասներով, բարձրահասակ մի կամավոր, 25-26 տարեկան: Ձեռքին բռնել էր փայլփլուն ցելոֆանապատ ստվարաթղթե գրություն: Հարցրեցի՝ ի՞նչ է դա, երիտասարդը ինձ մեկնեց գրությունը, ասեց՝ վերցրու, վերցրու, Հայր մերն է և պահպանիչ Սաղմոս-90-ը, և ստիպեց այն վերցնել: Չնայած, հավատացյալ չեմ, բայց վերցրեցի, ու մեքենայում մի երկու էջ թերթեցի: Գիշերով հասանք Գորիս, այնտեղ մեզ հանդերձավորեցին, զենք տվեցին ու ուղարկեցին Կուբաթլու»:

Պատվականը պատմում է, որ սնունդ իրենց չեն տվել, և ամբողջ ճանապարհին կամավորները սնվել են իրենց հետ վերցրած չոր ուտելքով ու խմել են մի շիշ «Բյուրեղ»:

Գորիսում կամավորներին դիմավորել է գեներալ Կոմիտաս Մուրադյանը և մի մայորի հետ ուղեկցել է իրենց: Առավոտյան 5-ին մոտ մեքենան կանգ է առել ինչ-որ թփուտների  մոտ, գեներալը իրենց հրահանգել է մնալ այդտեղ, իսկ ինքը գնացել է մոտակայքում գտնվող, վատ քողարկված ինչ-որ տնակ, որը, հավանաբար, շտաբն էր:

Պատվականը և Վանաձորից մի տղա իջել են մեքենայից և գնացել են թփուտներ՝ կարիքը հոգալու, ապա լսել են պայթյուն, որն իրենց տապալել է գետնին: «Հաջորդ րոպեին մեր «Ուրալ» մեքենան այլևս գոյություն չուներ: Նրան «գտել» էր թշնամու ԱԹՍ-ը: Մենք մոտ վազեցինք, այս ու այն կողմ ընկած էին մեր կամավորական ընկերների ջնջխված դիակներն ու մարմնի  մասերը: Ես գտա սպիտակ բոթասներով ընկերոջը, փորձեցի մոտենալ, բայց ուսադիրներով սպան արգելեց մոտենալ զոհվածերին: Հետագայում պարզվեց, որ 25 կամավորականներից ողջ են մնացել 4 հոգի, 7-ը տարբեր վիրավորումներ են ստացել, 14-ը զոհվել են: Գեներալ կոչվածին մենք էլ չտեսանք: Ահա այսպես, զինվորական ղեկավարության անգիտության, անփութության, ժա մանակակից զինտեխնիկայից անտեղյակության պատճառով մեր ջոկատն անփառունակ կործանվեց», — պատմում է Պատվական Բաբասյանը: Հաջորդ առավոտյան կամավորներին են հասել Կուբաթլուից նահանջող զորքի ողջ մնացածները և «Նահանջ» հրամանը փոխանցել են իրենց: Չորս փրկվածները մնացին անտեր: Գիշերները հախուռն նահանջում էին, իսկ ցերեկները թաքնվում էին թփուտներում: Պատվական Բաբասյանը շուտով կորցնում է ընկերներին, մնում է մենակ, երեք օր թափառում է անտառներում, ապա նրան գտնում է Տեղ գյուղի կուրսընկերոջ հայրը, այն կուրսընկերոջ, որին  բժիշկը հասցրել է զանգել մեռնող հեռախոսի վերջին լիցքով:

Նա պատմում է, որ անտառում սնվել է տանձի, խնձորի, նռան պտուղներով, խոտերով, ջուր է խմել պղտոր գետերից: Հրաշալի փրկությունից հետո տեղափոխվել է Տեղ, մեկ շաբաթ ապաքինվել է իր հոր՝ բժիշկ Վիկտոր Բաբասյանի հեռակա հսկողությամբ, ապա ևս 20 օր ծառայութունը շարունակել է Տեղի ջոկատում: Անցել է 4 ամիս:

«Ինձ համար մի կորստի ցավ էլ կա՝ մարդու և ամենակարողի հանդեպ հավատի ու կորստի ցավը: Իմ հիշողությունից ոչ մի վարկյան չեն հեռանում զոհված ընկերներս: Եւ հատկապես ինձ անսփոփ վիշտ է պատճառում Հայր Մերն ու Սաղմոս-90-ը ինձ նվիրած Սպիտակ բոթասներով, բարեկազմ այդ տղայի մասին հիշողությունը, իմ չկայացած ընկերոջ: Ինչո՞ւ պահպանիչ աղոտքն ու Սուրբ գիրքը քեզ չպաշտպանեցին, իսկ քո տված սուրբ մասունքն ինձ փրկեց: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Ո՞վ է պատասխան տալու էսքան նահատակների համար: Ներիր ինձ, անանուն զինվոր»:

Պատվական Բաբասյանի հայրը՝ վիրաբույժ Վիկտոր Բաբասյանը ինձ խնդրեց գրել Սպիտակ բոթասներով տղայի մասին: Գուցե, հարազատները փնտրում են նրան, թող կարդան, իմանան, ինչպես է զոհվել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest