«Ես դրել եմ հողը, լացում եմ, ծաղիկներ եմ դնում, խունկ եմ վառում, բայց չեմ հավատում»

236

Կոտայքի մարզի Հացավան գյուղից զորակոչված ժամկետային զինծառայող Արսեն Նիկողոսյանը հենց պատերազմի օրերին լեյտենանտի կոչում էր ստացել: Պաշտոնապես նա համարվում է զոհված, սակայն զինվորի հայրը վստահ չէ, որ իրեն հանձնված մասունքները որդունն են:

Գերասիմ Նիկողոսյանի կասկածների պատճառը պետական մարմինների թերի աշխատանքն է, որը ինքը տեսել է այս ամիսների ընթացքում: «Չեմ հավատում, որովհետեւ մեկը զանգել էր, գնացի մոտը, պատասխանատու մարդ էր, ասեցի պայմանական կոդը, զանգեցին Արտաշատ, ասացին` այո, մենք ենք հերձել, կուղարկենք: Պետք է երեք-չորս օրից զանգեր… խառնաշփոթ իրավիճակ էր… երեք-չորս օր հետո համբերությունս չներեց, գնացի, ինձ ասաց` շատ է մոխրացել, պետք է կրկնակի փորձաքննություն արվի: Ասեցի` եթե մոխրացել է, վառում է, չէ  ՞, որ մոխրանում է, բա` հա: Բա հեռախոսը ո  ՞նց չի վառվել, աղոթագիրքը ո  ՞նց չի վառվել: Դրա համար չեմ հավատում, ես հիմք ունեմ չհավատալու…Իմ վարկածն այն է, որ տղաս գերի է: Ես դրել եմ հողը, լացում եմ, ծաղիկներ եմ դնում, խունկ եմ վառում, բայց չեմ հավատում: Ես ծնող եմ, ծնողական սիրտս չի ասում, որ ինքը մահացել է… Ինձ թվում է` գլխառադ են արել, իրենցից են հեռացրել»,- ասում է նա:

Անպատասխանատու եւ որդու նկատմամբ անհարգալից հաջորդ դրսեւորումն այն է, որ Արսենին հետմահու շնորհվել է Արիության մեդալ, սակայն մեդալին կից վկայականում նշվում է, թե մեդալը Մարտական ծառայության է: Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք դիմել է որեւէ կառույցի նշված հարցերում իր բողոքն արտահայտելու համար, Նիկողոսյանն ասաց. «Ո ՞ւմ դիմեմ: Ոչ ոք ոչ մի բան չգիտի:Կենտրոնական բանկի նախագահն էլ ասում է` զոհված զինվորների ընտանիքների վարկերը մարվում են, գնում ես կոնկրետ բանկ, ասում են` մենք այդպիսի բանկ չգիտենք:  Ո ՞ւմ դիմեմ »:

Արսեն Նիկողոսյանի ծառայությունը անցել էր Մատաղիսում, այնտեղ էլ մասնակցել էր մարտական գործողություններին:

«Երբ բոլորին հետնահանջի հրաման է տրվել, նա ծառայակիցներին ուղեկցել է ներքեւ` դեպի անվտանգ տեղ, ինքը մնացել է: Երեք օր նա մնացել է ու հետ է մղել հակառակորդի դիվերսիոն խմբերը: Հետո վաշտի ու գումարտակի հրամանատարը բարձրացել են նրա մոտ ու հետ քաշել դիրքերից: Ավելի ուշ նրան են կցել վեց հոգի, ինչից հետո թեժ մարտեր են սկսել: Յոթ հոգուց վեցը զոհվել են: Մեկ հոգին է ողջ մնացել: Մարտերի արանքում ցանկացել է աչք կպցնել…ընկերներն են պատմում, ես իրենցից գիտեմ ամեն ինչ… Ասել է` ինձ մի բան չլինի… Հետո ասել է` չէ, ինձ ոչ մի բան էլ չի լինի, հայրս չորս պատերազմի մասնակցել է, ինչ է եղել, որ ինձ լինի»,- պատմում է հայրը:

Հայրը պատմեց նաեւ, որ Արսենը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Հայաստան էր վերադարձել պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու համար: Ծառայությունից հետո պատրաստվում էր մեկնել Մոսկվա, այնտեղ տեղափոխել նաեւ ծնողներին եւ ամուսնանալ սիրելի աղջկա` Վերոնիկայի հետ:

Անի Գևորգյան