Առողջապահության նախարարի 35-ամյա տեղակալ Արտյոմ Սմբատյանը կորոնավիրուսի տարածման թեժ պահին, երբ վարակման հարյուրավոր, իսկ մահվան տասնյակ  դեպքեր էին գրանցում, թանկարժեք ավտոմեքենա է գնել: Forrights.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ Արտյոմ Սմբատյանը 2020 թվականի հունիսի 29-ին 2016 թվականի արտադրության  MERCEDES-BENZ CLA 250-ի ավտոմեքենա է ձեռք բերել 10 մլն 400 հազար դրամով, որը համարժեք է 21 հազար ԱՄՆ դոլարի:

Նախարարի տեղակալը 2020 խոշոր գնմանը զուգահեռ նաեւ դրամական միջոցների աճ է ունեցել: 2020 թվականի տարեսկզբի 7,2 մլն դրամը տաեվերջին դրաձել է 13,8 մլն դրամ: Արտյոմ Սմբատյանը նախորդ տարի առողջապահության նախարարությունից 16,8 մլն դրամ աշխատավարձ  է ստացել:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարությամբ փոխնախարարների աշխատավարձը կրկնապատկվել էր 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ: Ուշագրավ է, որ 16,8 մլն դրամը, երբ բաժանում ենք 12 ամիսների ստացվում է 1 մլն 400  հազար դրամ: Ստացվում է, որ Արտյոմ Սմբատյանը յուրաքանչյուր ամիս 340  հազար դրամ ավել է ստացել:

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանի կինն էլ՝ Գոհար Մկրտրյանն աշխատում է Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող երեք պետական բուժհաստատությունում, որտեղից ստանում է բավականին բարձր եկամուտներ: Այս տարվա մարտի 3-ին ներկայացված հայտարարգրի համաձայն Արտյոմ Սմբատյանի կինն աշխատում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղից ստացել է 5,1 մլն դրամ աշխատավարձ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից»՝ 350 հազար դրամ եւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնից՝ 666 հազար դրամ: Գոհար Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 2,7 մլն դրամ եւ 7,5 հազար  ԱՄՆ դոլար:

Արտյոմ Սմբատյանը փոխնախարար է նշանակվել 2019 թվականին, մինչ այդ եղել է նախարարության գլխավոր քարտուղարը: Սմբատյանը նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է:

Թանկարժեք մեքենայի ձեռքբերման, ԱՆ-ից ստացվող եկամուտների եւ կնոջ աշխատավայրերի մասին փորձեցինք հարցեր ուղղել Արտյոմ Սմբատյանին, սակայն, նա մեր զանգերին չպատասխանեց: Իսկ ահա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից էլ փոխանցեցին, որ չեն կարող ասել, թե փոխնախարարի կինը՝ Գոհար Մկրտչյանն ինչ աշխատանք է իրականացնում ԲԿ-ում:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է լիարժեք տեղեկություններ ունենա, թե իր հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյայի եւ նրա հարազատների եկամուտներն ինչպես են ձեւավորվում: Արտյոմ Սմբատյանը, եթե որոշի հավատարիմ մնալ Փաշինյանի այս խոստմանը եւ որեւէ կերպ արձագանքի եւ իր կնոջ ունեցվածքին, պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա պարզաբանումը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest