Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ պարունակող հայտարարությունները։ Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։

Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։  Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր․ «Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ 1988 թվականին: Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»,- ասել էր Աբդուլաևան:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest