18-ամյա Էդգար Աղաբաբյանը հաշմանդամ մոր միակ խնամակալն էր: Նա ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, սակայն անտեսելով բոլոր հանգամանքները, 2020թ-ի հունվարին ՊՆ-ն Էդգարին զորակոչեց բանակ: Էդգար Աղաբաբյանը զոհվել է պատերազմի 3-րդ օրը՝սեպտեմբերի 30-ին` ԱԹՍ հարվածից:

Զոհված զինվորի մայրը` Շուշանիկ Աղաբաբյանը արդեն տասը տարի շաքարային դիաբետ եւ դրա հետեւանքով առաջացած առողջական խնդիրներ ունի: Տարիներ առաջ ունեցել է միայն երրորդ կարգի հաշմանդամություն, բայց կարճ ժամանակ անց կարգը հանվել է, այժմ պետությունից որեւէ աջակցություն չի ստանում: Տիկին Շուշանիկը պատմում է, որ չի կարողանում հաշտվել որդու կորստի հետ, քանի որ նա առհասարակ չպետք է բանակ զորակոչված լիներ:

Զորակոչի ընթացքում արված բուժզննության արդյունքում պարզվել էր, որ Էդգարը ողնաշարի եւ ոտքերի խնդիր ունի: «Էդգարս ուզում էր մինչեւ մեկնելը սովորեր Դոսաֆի դասերին, որ զինկոմիսարիատում արվում են, բայց պատասխան եկավ, որ ինքը չի կարող մասնակցել դասերին, քանի որ ողնաշարի խնդիր ունի: Ես գնացի զինկոմիսարիատ, ասացի` եթե դասերին մասնակցել չի կարող այդ խնդրով, ծառայել կարո ՞ ղ է: Ասացին` գլխավոր կոմիսիան պետք է որոշի…»,- պատմում է մայրը:

Ավելի ուշ կոմիսիան հաստատել է, որ Էդգարն այնուամենայնիվ պիտանի է ծառաության ու պետք է մեկնի բանակ: Մայրը դիմել է ՊՆ, նշելով, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, միայնակ մայր է, որ դա հիմք ընդունելով որդուն գոնե տանեն տնից ոչ հեռու գտնվող զորամաս, սակայն մերժվել է մոր այս դիմումը եւս, եւ Էդգարը մեկնել է Արցախ` Մարտունի 3:

Տան հոգսերով զբաղված լինելու պատճառով զինվորի մայրը չի հետեւել լուրերին, չի իմացել պատերազմի մասին:

«Սեպտեմբերի 30- ին որ զանգեց, ասեց` մամ, քեզ համար աղոթում եմ, վայ, ասեցի, բալես, էս ի ՞ նչ ես ասում, ես եմ ամեն առավոտ քո համար աղոթում… ես էլ ոչ մեկ չունեմ, արդեն ինը ամիս է մամա բառին եմ կարոտում: Ճիշտ է` հետս մնում է քրոջս աղջիկը, բայց իմ Էդգարն ուրիշ էր: Ինչքան էլ պառկած լինեի, երբ ինքը մտնում էր ներս, մամա էր ասում, ես ինձ լիարժեք ու առողջ էի զգում: Ինը ամիս է կարոտում եմ: Սպասում եմ, որ կարող ա զանգի…չգիտեմ…չգիտեմ այս ինչ արեցին մեր էրեխեքին: Ո ՞ ւր տարաք խնամակալիս:  Տարիներ շարունակ թղթերով ընկա դռնեդուռ, ամեն տեղից դուրս շպրտեցիք, վերջում էլ սա բերեցիք գլխիս: Ո ՞ վ է սրա պատասխանատուն: Ի վերջո ինչ որ մեկը սրա համար պատասխան տալո ՞ ւ է, թե ՞  ոչ … Երբ իմ երեխան կողքս էր, ասում էր արագ սրան կանչեմ, նրան կանչեմ, Շտապ օգնություն կանչեմ: Ինչի՞ հիման վրա տարան իմ էրեխուն: Ես կարիք ունեմ խնամակալի»:

Էդգար Աղաբաբյաը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: Մայրն աաում է` մեդալն իրեն պետք չէ: Որդու մահվան մասին իրեն ասել են հարեւանները, իսկ հանգամանքների մասին հայտնի է միայն, որ Էդգարը վիրավորում է ստացել ԱԹՍ հարվածից: Մահացել է ինքնաթիռով դեպի հիվանդանոց տեղափոխելիս:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest