Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում ՊՎԾ պետի օգնականի, տեղակալի, պետի պաշտոնակատարի, այնուհետ երկու անգամ ՔԿ նախագահի տեղակալի, ԱԱԾ տնօրենի տեղակալի, ԱԱԾ տնօրենի պաշտոնները զբաղեցրած Արգիշտի Քյարամյանը  հուլիսի 12-ին կառավարության արտահերթ հրավիրված նիստում այս անգամ էլ նշանակվեց  Քննչական կոմիտեի նախագահ:

Նիկոլ Փաշինյանը դեռ պարզաբանումներ չի ներկայացրել 44-օրյա պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, ինչ պատճառով Արգիշտի Քյարամյանին ազատեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Ուշագրավ է, որ Քյարամյանի պաշտոնակությունից րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Թե արդյոք ԱԱԾ-ն չորս ամիս ղեկավարած Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը կապ ունե՞ր վարչապետի այս բացահայտման հետ, իշխանությունները որեւէ կերպ չեն մեկնաբանել: Փաշինյանն այժմ էլ չի հիմավորում, թե ինչու ՔԿ նախագահի պաշտոնում Հայկ Գրիգորյանին փոխարինեց Արգիշտի Քյարամյանով:

Քաղհասարակության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սուր քննադատում է իշխանություններին նշանակումները եւ պաշտոնակություններն առանցքային կառույցներում չհիմանվորելու համար:

«Անընդունելի է, որ հատկապես իրավական ոլորտում պաշտոնակություններ եւ նշանակումներ են լինում, իսկ մենք չենք իմանում պատճառները: Հասկանալի չէ եւ ընդունելի չէ, որ պարբերաբար տարբեր պաշտոնների նշանակված եւ ազատված Արգիշտի Քյարամյանին նշանակում են նոր պաշտոնի: Չգիտենք՝ նա ժամանակին վա՞տ էր կատարել աշխատանքը, եթե վատ էր կատարել եւ դրա համար էին ազատել, հիմա նշանակումն ինչ իմաստ ու բովանդակություն ունի:

Բոլոր պաշտոններում անփոխարինելի լինելը անլրջացնում է իրավիճակը: Ինքը՝ Քյարամյանը, պետք է հասկանա, որ չի կարող բոլոր կառույցների համար ընդունելի ղեկավար: Իրենք հարգող պաշտոնյան չի կարող թույլ տալ նման ստատուս, որ  իր նկատմամաբ կիրառվի պարբերաբար»,- ասում է Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանները ՔԿ-ի աշխատանքից մշտապես դժգոհել են՝ հայտարարելով, որ կոծկվում են հանրային հնչեղություն ունեցող գրեթե բոլոր գործերը: Հեղափոխությունից հետո հույս կար, որ ի թիվս այլ աղմկահարույց գործերի բացահայտումներ կլինեն նաեւ խաղաղ պայմաններում մահացած զինվորների դեպքերով: Երեք տարի անց որեւէ առաջընթաց չկա: Նինա Կարապետյանցը շշետում է՝ ՔԿ-ում, ոչ թե նախագահի փոփոխություն է անհրաժեշտ, այլ՝ զտում, քրգործերը տեղից շարժելու համար:

«ՔԿ-ում անհրաժեշտ էր կատարել զտում, որը ցավոք ստրի այդպես էլ չկատարվեց: Հեղափոխությունից անմիջապես հետո ՔԿ-ում ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերը, բայց մենք այդ գործողությունների արդյունքերը չտեսանք: Արդյունքներն այնքան զրոյական էին, որ վարչապետին կից ստեղծվեց առանձին խումբ: Մյուս գործերով եւս դրական տեղաշարժ չակ, վերցրեք Ամուլսարի գործը»,- նշում է իրավապաշտպանը:

Ինքը՝ Քյարամյանը, քննադատություններին զուգահեռ հավաստիացնում է, որ իր կատարած աշխատաքնի արդյունքները տեսանելի են լինելու: «Ամեն ինչ արվելու է, որպեսզի Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրները լուծվեն արագ և արդյունավետ»,- կառավարության նիստին հայտարարել է 30-ամյա պաշտոնյան:

Նինա Կարապետյանցը Քյարամյանի այս խոստմանը վերապահումներով է մոտենում: «Այնպե՞ս է պատրաստ լուծել խնդիրները, ինչպես ԱԱԾ-ում լուծե՞ց: Լավ կլինի, որ պարոն Քյարամյանը ներկայացնի, թե այս պաշտոնները զբաղեցնելով որ ոլորտում ինչ փոփոխություններ է կարողացել իրականացնել: Եթե հարց լուծող տղա էր, ինչն էր խանգարում նրան խնդիրները լուծեր ԱԱԾ-ում: Ես չգիտեմ՝ նա կլուծի՞, թե՝ ոչ, բայց նախկինում որտեղ ինքը պաշտոն է զբաղեցրել եւ այնտեղ որեւէ դրական փաստ չի եղել, փաստ է»,- ասում է նա:

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ շեշտում է, որ եթե Քննչական կոմիտեում փոփոխություններ տեղի ունենան, ապա կառույցի ղեկավարի ընթացակարգը պետք է փոփոխության ենթարկվի:

«Ոչ թե մեկ անձի կողմից պետք է նշանակվի, այլ կողմ եմ, որ նշանակումը լինի Ազգային ժողովի կողմից: Պետք է այդ պաշտոնյայի անկախության հարցն ապահովել, ընդ որոում, ԱԺ-ի որակյալ մեծամասնության կողմից պետք է ընտրվի: Ես ակնկալիք չունեմ, որ որեւէ անձի փոփոխությամբ ՔԿ-ում լուրջ փոփոխություն կլինի»,- ասաց Ռեւազյանը:

Ըստ Ռոբերտ Ռեւազյանի, ՔԿ-ն այսօր օբյեկտիվ գործելու խնդրի առաջ է կանգնած: « ՔԿ-ն պետք է քաղաքական պատվերներ չկատարի: Օրենքը պետք է հավասար լինի եւ իշխանության, եւ ընդդիմության համար»»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest