Հուլիսի 4-ին Բաքվից Երեւան վերադարձան 15 հայ ռազմագերի: Գերության մեջ գտնվող նույնքան անձ էլ վերադարձել էին հունիսի 12-ին: Գերությունից վերադարձած այս երեսուն անձանց Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել   ականապատված տարածքների քարտեզների դիմաց: Այսպիսով՝ խախտվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված փաստաթղթի 8-րդ կետը, որով նախատեսվում էր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում՝ առանց պայմանների:

Այն, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցները վերադառնում են հայրենիք, բնականաբար ողջունելի է, սակայն, հարց է առաջանում՝ ինչու ՀՀ իշխանությունները կատարելով եռակողմ փաստաթղթի կետերը, կոշտ քայլերի չեն դիմում, որ նույնն անի նաեւ հակառակ կողմը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է՝ Հայաստանն իր շահերը պաշտպանել չի կարողանում, փոխարենը ենթարկվում է թշնամի պետության ճնշումներին:

«Ադրբեջանցիները պատերազմական եւ հետպատերազմական շրջաններում ինչպես ճնշել են ՀՀ-ին, այդպես էլ շարունակում են: Ճնշումների միջոցով ստանում են այն ինչը ցանկանում են: Նրանք հետ չեն կանգնելու, քանի դեռ Հայաստանն ի վիճակի չի լինելու իր շահերը պաշտպանելու: Նրանք գերիներին պահում են առեւտրի համար, Հայաստանը գնում է այդ առեւտրին:

Հայաստանը պետք է կարողանա այնպես կատարել իր քայլերը, որպեսզի ստորագրող կողմերը հարգեն իրենց ստորագրությունները: Դա է պատճառը, որ ամիսներ շարունակ խոսում ենք այն մասին, որ բանակցողը պետք է փոխվի, քանի որ այս բանակցողի պարագայում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Ցավոք, ընտրություններից հետո բանակցողը չփոխվեց եւ այն ինչ կա՝ շարունակվելու է»,- ասում է իրավապաշտպանը եւ շեշտում՝ չի բացառվում, որ ականապատված տարածքների քարտեզները տրամադրելուց հետո Ադրբեջանն այլ պահանջներ էլ ներկայացնի:

«Եթե այդ քարտեզները տան ուրիշ բան էլ կարող են պահանջել, ես չգիտեմ, թե ինչ կպահանջեն, բայց գերիները շարունակելու են լինել այնտեղ եւ նրանց դիմաց կպահանջեն այլ բաներ: Տարածքային զիջումներ, սահմանային փոփոխություններ…»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Թե ինչու է Հայաստանն այլ գործիքներ կիրառում գերիներին վերադարձնելու համար, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում պարտավորությունների մասին որեւէ նշում չկա, քաղաքագետ  Արմեն Բաղդասարյանն ակնարկում է, որ այդ փաստաթղթով այլ պարտավորություններ էլ է ՀՀ-ն ստանձնել, որոնց մասին քաղաքացիները տեղյակ չեն:  

«Մենք չգիտենք, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինչ լրացուցիչ կետեր կան: Հնարավոր է, որ այնտեղ շատ այլ կետեր էլ կան, որոնց մասին մենք չգիտենք: Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները շատ կոշտ պետք է դնեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի իրականացման հարցը, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՌԴ իշխանությունների առաջ, որովհետեւ դա եռակողմ հայտարարություն է: Ադրբեջանը մեր քաղաքացիներին որպես պատանդներ է պահում եւ դրա դիմաց փորձելու է շատ բան ստանալ»,- ասում է քաղաքագետը:

Այս փաստաթղթի կետերի իրագործման հարցում պարտավորություններ ունի նաեւ Ռուաստանը: Կրեմլից մշտապես հայտարարել են, որ փաստաթուղն անձամբ Պուտինն է հեղինակել եւ այժմ հարց է առաջանում, թե ՌԴ-ն որպես երրորդ կողմ ինչու քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պարտավորեցնել կատարել իր պարտավորություները:

«Ռուսաստանը ստանալիքներ ունի Ադրբեջանից: Այժմ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ բանակցություններ կան՝ հիմնականում մեր հաշվին, ամեն դեպքում ՌԴ-ն մատների արանքով է նայում այդ համաձայնագրին: Այդ փաստաթուղթը կյանքի կոչելու համար Ռուսաստանը չի էլ քննարկում Ադրբեջանի ղեկավարության հետ: Ռուաստանը հանուն մեզ եւ հանուն մեր ռազմագերիներին կոշտ չի խոսի Ադրբեջանի հետ, ճնշում կմեծացնի եւ այլն, քանի որ նրանք առեւտուր են իրականացնում այլ հարցերի շուրջ»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էլ շետում է, որ Պուտինն ու Մոսկվան բոլոր լծակներն ունեն Ադրբեջանին ճնշելու համար, որ փաստաթղթի բոլոր կետերը կյանքի կոչվի, սակայն, անձնական շահերով պայմանաոորված նման քայլի չեն դիմում:

«Ռուսաստանն անկողմնակալ միջնորդ չէ, Ադրբեջանի շահերն է սպասարկում եւ ոչ անվարձահատույց: Ես կարծում եմ՝ Ադրնեջանը յուրաքանչյուր գործողության համար վճարում է Ռուսաստանին: Նկատի ունեմ՝ վճարում է Պուտինին եւ նրա քրեաօլիգարխիկ շրջապատին: Ռուասաստանն ունի ամբողջ գործիքակազմն ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի այդ կետերը կատարվեն, չի կիրառում եւ Հայաստանը ստիպված է լինում լրացուցիչ զիջումներ անել, որնք նախատեսված չեն այդ փաստաթղթում»,-ասում է Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանը չի բացառում, որ քարտեզներից զատ, հնաարվոր է, որ ՀՀ-ն  այլ զիջումների էլ գնա:

«Այս փոխանակումների արդյունքում հայ գերիները դարձել են փոխանակման դիմաց պատանդ: Նրանց մի մասին այսօր փոխանակում են քարտեզների դիմաց, մյուսներին հնարավոր է ինչ-որ տարածքների դիմաց փոխանակել, իսկ այսօր մինչեւ հարյուր գերի կա Բաքվում»:

Նշենք, որ Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 103 գերի:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest