Միայնակ բնակվող թոշակառու 89-ամյա Օֆելյա Հարությունյանը, չնայած բավականին վատառողջ վիճակին, գրեթե 4 տարի պայքարում է իր հանդեպ իրականացված անարդարության դեմ։ Տարեց կինը պնդում է՝ իր գործով ճնշումներ կան դատարանների վրա․

«Համ իրենց պատճառով հաշմանդամ դառնամ, համ՝ ե՞ս ընկնեմ քաշքշուկի մեջ, ես տուժվածն եմ, ինչո՞ւ պետք է տանջվեմ ու տառապեմ»,- Forrights-ի հետ զրույցում ասում է տիկին Օֆելյան։

Գործը վերաբերում է ընկնելու հետևանքով առողջությանը պատճառված վնասին։ Տիկնոջ խոսքով՝ 2017 թվականին, արդեն իսկ չկարողանալով միայնակ հոգալ իր կարիքները, ընդունել է թաղապետարանի  առաջարկը և սկսել օրական մեկ անգամ հաճախել երևանյան ճաշարաններից մեկը, որտեղ անվճար սնունդ են տրամադրում։ Տարեվերջին իմացել է, որ այնտեղ ամանորյա նվերներ են բաժանում և գնացել իր նվերի հետևից․

«Հերթում կանգնած սպասում էինք։ Երբ իմ հերթը հասավ, երկու կին եկան ու փորձեցին հերթը խախտելով առաջ անցնել։ Նադյան (կանանցից մեկը) հրեց Անաիդային դեպի ինձ, սա էլ ամբողջ ուժով նրան բրդեց իմ կողմ ու ես ընկա գետնին։ Մի կերպ կարողացա բարձրանալ գետնից, նրանք անգամ չնայեցին ինձ ու հեռացան։ Գիշերը մարմնիս ցավերն ուժեղացան, հաջորդ առավոտյան տաքսի կանչեցի ու գնացի հիվանդանոց։ Ռենտգեն արեցին ու ասացին, որ աջ ուսի շրջանում արյունազեղում ունեմ, նաև կողի կոտրվածք եմ ստացել․․․Չէի կարողանում նորմալ քայլել։ Ընկնելու հետևանքով մի շարք վնասվածքներ էի ստացել, ինչն ինձ հաշմանդամ դարձրեց»։

Մի փոքր կազդուրվելուց հետո տիկին Օֆելյանն դիմել է Ոստիկանություն։ Սրճարանի տիրոջը՝ Գայանեին վրդովեցրել է այդ հանգամանքը, վերջինս հավաքել է սրճարանում գտնվող մարդկանց, հարկադրել գնալ Ոստիկանությունը և ասել իբր՝ Օֆելյան ինքն իրեն է ընկել գետնին։

Տիկնոջ խոսքով՝ Կասիմյան ազգանունով ավագ քննիչը գործ է հարուցել, սակայն այն չավարտելով՝ փոխանցել է մեկ ուրիշ քննիչի ու Անտոնյան ազգանունով դատախազին։ 

«Բոլոր բողոքները, որ ես գրել էի, մերժվեցին ու երկար ժամանակ գործը կասեցված էր։ Նրանք ծաղրում էին ինձ, Նադյան, Անաիդան, ովքեր ինձ գցել էին գետնին, կեղծ ցուցմունքներ էին տվել։ Քննիչը մի քանի անգամ դիմել էր ինձ, որ հրաժարվեմ այս գործից։ Տեսնելով, որ ես համաձայն չեմ, ստիպված գործը երկար ժամանակով կասեցրեց՝ որպես ինձ պատիժ։ Այդ մարդն ինքն իրեն խայտառակում էր, համոզելով բոլորին կեղծել դեպքը», — փոխանցեց նա։ 

Չնայած քրեական գործով տիկին Օֆելյան տուժող է ճանաչվել և տվել մեղավորների անունները, սակայն 2018 թվականին գործը կարճվել էր՝ մեղադրյալ ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Որոշումը բողոքարկվել է սկզբում դատախազին, ապա՝ դատարան։

Դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է ներկայացված բողոքը և արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմինը, մինչև քրեական գործի վարույթը կասեցնելը, չի կատարել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատական գործողությունները։ Դատարանը գտել է, որ խախտվել է տուժողի իրավունքները։

Քրգործը վարույթը նորից վերսկսվել էր, սակայն կրկին չեն կատարվել քննչական պատշաճ գործողությունները, չեն առերեսվել տուժողն ու գործով անցնող վկաները։ Կարճ ժամանակ անց՝ գործը երկրորդ անգամ կասեցվեց։

Վերաքննիչ բողոքն այս անգամ բավարարվել է, սակայն դատախազությունը որոշեց դիմել Վճռաբեկ դատարան։

Արդեն երկու տարի է, ինչ  89 ամյա կինը սպասում է վճռաբեյ ատյանի որոշմանը։ Նա պնդում է, որ դատարանների վրա ճնշում են գործադրում քննչական մարմինները, քանի որ ինքը չի լռում և հրաժարվում գործի քննությունից։ Տիկնոջ խոսքով՝ պատկան մարմինները ցանկանում են իր գործը փակել և «գլուխն ազատել իրենից»։

Forrights-ը ևս կապ հաստատեց Վճռաբեկ դատարանի հետ։ Աշխատակազմից մեզ հայտնեցին, որ բողոքը վարույթ է ընդունվել դեռ նախորդ տարվա մարտ ամսին, սակայն իրենց դեպքում՝ մեկ տարուց ավել ժամանակաշրջանը ողջամիտ ժամկետի խախտում չի համարվում։ Իսկ 3-րդ կարգի հաշմանդամ տիկին Օֆելյան սպասել «չի կարող»․

«Ուզում եմ, գոնե մինչև մեռնելս դրանց պատիժը տեսնեմ»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest