«Նիկոլ Փաշինյանը կիրառում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մեթոդները»

122

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բարիս Նավասարդյանն ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ԱԺ չանցած ընդդիմադիր ուժերի հանդիպումները եւ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ խորհրդատվական մարմին ստեղծելու գաղափարը համեմատում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտադրությունների հետ, որոնք իրականացվում էին հետընտրական շրջաններում:

«Այս նախաձեռնությունը ես համեմատում եմ մյուս նախաձեռնությունների հետ, որոնք տեղի են ունեցել նախորդ ճգնաժամային փուլերում՝ 1998 թվականին, երբ Քոչարյանը բավականին խնդրահարույց ընտրություններով եկավ իշխանության, որոշեց որ պետք է ապահովի կայունացում: Նա ձեւավորեց քաղաքական խորհուրդ, որտեղ ներգրաված էին եւ հրավիրված էին հենց իր մրցակիցերը՝ նախագահական ընտրությունների ժամանակ: 2008 թվականին, երբ նախագահը Սերժ Սարգսյանն էր, ձեւավորվեց Հանրային խորհուրդը, որը նույնպես պետք է դառնար հաղորդակցության հարթակ երկրի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության ու ընդդիմության միջեւ:

Ես չեմ ցանկանում այն ժամանակվա ընտրություններն իր լեգիտիմությամբ համեմատել այն ընտրությունների հետ կամ այն ճգնաժամն այս ճգնաժամի հետ, բայց մտադրությունը նույնն է: Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրային համաձայնության հասնել եւ դրա համար ձեւավորում է ինչ-որ ֆորմալ կառույց: Ես, ոչ 1998-ին, ոչ 2008-ին եւ ոչ էլ հիմա ստեղծված ֆորմալ կառույցներով, չեմ կարծում, որ հնարավոր է ինչ-որ խնդիր լուծել»,- ասաց նա:

Բարիս Նավասարդյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր է երկխոսություններ ձեւավորել, ապա դրա համար ֆորմալ կառույցներ պետք չէ ստեղծել: «Մի կողմից կա Սահմանադրական մարմին՝ Հանրային խորհուրդը, որքան էլ որ ես դրա արդյունավետությանը չեմ հավատում, կառույցը կա, եթե ուզում ես կարող ես օգտվել: Մենք փոքր երկր ենք, բոլորը միմյանց ճանաչում են եւ հայտնի է՝ ով ինչում է մասնագիտակցված, եթե կա մտադրություն մտնել խորհրդատվական գործունեության մեջ, ապա դրա համար կան պետական ինստիտուտներ, որոնք միտված են այդ գործունեությամբ զբաղվել»,- կարծում է Երեւանի մամուլի ակումբի նախագահը:

Ըստ Նավասարդյանի՝ եթե իշխանություններն իսկապես ցանկանում են լսելի դարձնել եւ համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության եւ քաղհասարակությանհետ, ապա կարող են օգտագործել նաեւ խորհրդարանական հարթակները:  «Կա խորհրդարան, որտեղ կարելի է խորհրդարանական լսումներ հրավիրել, որին կմասնակցեն փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, քաղաքացիներ»:

Բորիս Նավասարդյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն այս նախաձեռնությամբ ցանկանում է  ցույց տալ, որ կա համերաշխության մթնոլորտ, որը ձեւական բնույթ է կրում:

Ընտրություններին «Ազատ  Հայրենիք» դաշինքով մասնակցած Անդրիաս Ղուկասյանը չի հանդիպել Փաշինյայի հետ, քանի որ չեն ընդունում ընտրության արդյունքերը: «Հանդիպում են նրանք, որվեր ճանաչել են ընտրությունների արդյունքերը եւ  ողջունել են Նիկոլ Փաշինյանին, որ նրան հաջողեց գալ իշխանության»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մարմնի խնդիրն է ընտրությունների լեգիտիմացման շրջանակներում տպավորություն ստեղծել, որ քաղաքական դաշտի հետ կա աշխատանք:

«Այդ նախաձեռնությունը որեւէ քաղաքական բովանդակություն չունի եւ նրա համար համար արված չէ, որ քաղաքական դաշտը Հայաստանում որեւէ ազդեցություն ունենա պետական կառավարման համակարգում»,- ասում է նա:

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին այդ նախաձեռնությունը պետք չէ, քանի որ եթե Փաշինյանը ցանկություն ունենար, ապա արտախորհրդարանական ընդդիմության հետ կհամագործակցեր մինչեւ ընտրություններ: «Ընդդիմության եւ արտախորհրդարանական ուժերի մասին հիշում են այն ժամանակ, երբ կա ճգնաժամ ու պատասխանատվությունը կիսելու: Պատերազմի ժամանակ արտախորհրդարանական ուժերին հրավիրեցին եւ ասացին, որ պետք է կապիտուլացիայի համաձայնագիր կնքվի: Ընտրություններից հետո պետք է ցույց տար, որ կան քաղաքական ուժեր եւ ընդունում են, որ ընտրությունները եղել են ազատ, արդար եւ շնորհավորում են իշխանություններին»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ նշեց, որ թեեւ վարչապետի հետ հանդպել են, բայց կողմ չեն արտախորհրդարանական ուժերի միավորմամաբ խորհդատվական կառույց ստեղծելու գաղափարին:

«Գնալ հանդիպման չի նշանակում հարցերում համաձայնել, չքննադատել: Համագործակցել չի նշանակում գնալ եւ դակել ամեն ինչ, համագործակցել նշանակում է խոսել: Իսկ թե ինչու  ենք մերժել, ապա ես ասել եմ, որ եթե համերաշխության օրակարգ է առաջ բերվում, ուրմեն այդ ֆորմատը պետք է բաց լինի բոլոր ուժերի համար, որոնց թվում նաեւ խորհրդարանական ուժերը կլինեն, բայց դա չի ընդունվել»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան