ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ կառույցի՝ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, հրապարակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք հրապարակելը) նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:

2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest