ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել ռազմագերիների փոխանակմանը Բաքվի և Երևանի միջև, սակայն պահվող անձանց կարգավիճակի մասին վեճն Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է լուծեն։ Այդ մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավար Պետեր Մաուրերը, գրում է «Իզվեստիան»։

Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն 4-5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի։

«Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք վերադարձողներին։ Կարևոր է նաև երկու կողմում ձերբակալվածների այցելությունները և իրենց ընտանիքների հետ նրանց կապի հաստատումը։ Եթե անհրաժեշտություն լինի և հնարավարություն, մենք, հավանաբար, կավելացնենք մեր ներկայությունը, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալը»,-ասել է նա։

Մաուրերն ասել է, որ գերիների հարցում կա առաջընթաց, նրանք վերադառնում տուն։ «Սակայն որոշ ձերբակալվածների մասին վեճեր են գնում՝ համարվում են նրանք ռազմագերի, թե ոչ, և ինչ կարգավիճակ ունեն և կարող են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Կարմիր Խաչն անմիջական շփում ունի «ձերբակալվածների հետ»։

«Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարություններն իրենք պետք է որոշեն և տան կարգավիճակի վերջնական գնահատականը։ Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ։ Եվ հուսով եմ՝ ապագայում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծումը բոլոր պահվող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում և Ադրբեջանում»,- ասել է նա։

Հարցին, թե ինչ պայմաններում են պահվում Ադրբեջանում գտնվող գերիները՝ Մաուրերն ասել է, որ իրենք դրա հրապարակային գնահատականը չեն տալիս։

«Մենք այցելում ենք՝ գնահատելու նրանց պահման այմանները, սակայն, ինչպես գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ համար։ Մենք գործակցում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ, որպեսզի մեր դիտողությունները ներկայացնենք համապատասխան իշխանություններին, և ավելին ասել ես դեռևս չեմ կարող»,-ասել է նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest