Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են Հայաստանին, մասնավորապես` հայ գերիների վերադարձի խնդիրը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Բոլոր զեկուցողները և բոլոր ԵԽԽՎ անդամ երկրների ներկայացուցիչները (բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների) գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել: Երբ խոսում ենք վստահության մթնոլորտ ձևավորելու մասին, պարզ է, որ որևէ վստահության մթնոլորտ առանց գերիների վերադարձի անհնար է»,- ընդգծեց Իգիթյանը:

Պատգամավորը նշեց, որ ԵԽԽՎ-ում քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը, որի շրջանակներում զուգահեռներ են անցկացվել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում ռազմատենչ գործողությունների հետ, որոնք դժգոհություն էր առաջացրել ԵԽԽՎ-ում:

«Ինչ է անում Ադրբեջանը` սկզբից ներխուժում է Հայաստանի տարածք և հետո ասում` եկեք բանակցենք: Ինչպես Թուրքիայի հարցում, այդպես էլ Ադրբեջանի հարցում, մեր գործընկերների հետ բարձրացրեցինք այն հարցը, որ ցանկացած բանակցություն անհնար է, երբ ներկա են ռազմական ուժերը»,- հավելեց Իգիթյանը:

Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ թե ՀՀ ԱԺ պատվիրակության ելույթներում, թե այլ երկրների գործընկերների ելույթներում առկա են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են Հայաստանին:

«Գիտեք, որ ԵԽԽՎ-ն պատժիչ լծակներ չունի, բայց տեսնում ենք այն, որ ԵԽԽՎ անդամ երկրների ներկայացուցիչները այդ ընդհանուր մթնոլորտը տեղափոխում են իրենց խորհրդարաններ»,- եզրափակեց Իգիթյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest