Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 65-ամյա Սողոմոն Հակոբյանն արդեն երկու տարի է անազատության մեջ է։ Նա մեղադրվում է Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի համար։

2019 թվականի հուլիսի 6-ին միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, ապա հրդեհը տարածվել է ևս երկու ավտոմեքենաներում:  Մահացել էր 7 մարդ, 4 ուղևոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Սողոմոն Հակոբյանը գործով անցնող միակ մեղադրյալն է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Վթարի հետևանքներից զերծ չի մնացել նաև 65-ամյա ամբաստանյալը․ դեպքից հետո նա վիրահատվել և երկար ժամանակ ստոցիանար բուժում է ստացել հիվանդանոցում։ Բացի այդ, նախքան ավտովթարը, Հակոբյանը երկու անգամ սրտի վիրահատության է ենթարկվել, ունի զարկերակային հիպերտենզիա և երկրորդ կարգի շաքարային դիաբետ։

Պաշտպանական կողմը նախաքննության և դատաքննության ընթացքում մի քանի անգամ միջնորդել է դատարանին փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավով։ Սակայն երկու դեպքում էլ, ինչպես Արարատի  և Վայոց Ձորի մարզերի  առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները մերժել են միջնորդությունը, մի դեպքում պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով Հակոբյանը կխոչընդոտի գործի քննությանը, մյուս դեպքում էլ՝ կխուսափի վարույթն իրականացնող անձանցից։

Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը Forrights-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ ինչպես նախաքննական մարմինը, այնպես էլ Դատախազությունը հենց սկզբից տրամադրված են եղել իր պաշտպանյալին պահել կալանքի տակ և առկա ծանր հետևանքները վերագրել նրան․

«Դատարանում հարցաքննված հրդեհատեխնիկ Արթուր Գևորգյանը  հայտնեց, որ «ԳԱԶԵԼ» մեքենայի գազաբալոնային համակարգում չի եղել կամ թերի է աշխատել ճնշում իջեցնող ապահովիչ սարքը, որը գազի արտահոսքի դեպքում պետք է ավտոմատ փակեր վառելիքի ելքը։ Այսինքն, այդ փորձաքննությունից պարզ է դառնում, որ անձիք վիրավորվել կամ մահացել են ոչ թե վթարից, այլ դրա հետևանքով առաջացած հրդեհից»,- պարզաբանում է փաստաբանը։

Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջին միջնորդությունը դատարանը կրկին մերժել էր, այս անգամ պատճառաբանելով, թե գործով առկա բոլոր ապացույցները հետազոտված չեն։ Նախորդ նիստին դատարանը՝ դատավոր Պետրոսյանի նախագահությամբ, ուսումնասիրեց նաև գրավոր ապացույցները, փաստացի չթողնելով որևէ չհետազոտված առարկա․

«Այն հանգամանքները, որոնք դատարանին կաշկանդում էին պաշտպանյալիս խափանման միջոցը փոխել,այս պահին վերացել են։ Բոլոր  վկաների, փորձագետի, տուժողների, տուժողների իրավահաջորդների ցուցմունքները հետազոտվել և արձանագրվել են, ուստի քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու առանց այն էլ գոյություն չունեցող վտանգը, այս փուլում արդեն՝ անգամ որպես ձևական հիմնավորում, էլ ողջամիտ չէ»,- հավելում է Մոնիկա Մարգարյանը, տեղեկացնելով, որ հաջորդ նիստին պատրաստվում է խափանման միջոցի փոփոխման ևս մեկ միջնորդություն ներկայացնել դատարան։

Բացի այդ, ըստ պաշտպանի, դատարանը պետք է հաշվի առնի նաև կորոնավիրուսի համավարակը, որը չի վերացել, իսկ Հակոբյանի քրոնիկ հիվանդություններով պայմանավորված գտնվում է խոցելի խմբում։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest