Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց արտահերթ ընտրությունների արդյունքները։ Խորհրդարան անցած ուժերից վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53.91 տոկոսը, երկրորդ նախագահ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 21.9 տոկոս, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս։

«Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը, խորհրդարան է անցել Սահմանադրության պահանջով։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.39 տոկոսը։ Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ:

«Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ներկայացնելով իրենց արձանագրած խախտումները՝ պնդում են, որ դրանք էական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա։

Ըստ «Պատիվ ունեմ»-ի` խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված ազատ և հավասար ընտրելու իրավունքը։ Խախտումներ եղել են թե՛ քարոզարշավի, թե՛ բուն քվեարկության օրը. դաշինքի ներկայացրած հիմքերը ընթերցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Ապա դիմումով, ըստ էության, ներկայացվում են մի շարք հանգամանքներ, մասնավորապես մայիսի 10-ից սկսած արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ վարչապետի կողմից թեև ներկայացվել էր վարչապետի պաշտոնից հրաժարական, սակայն վերջինս շարունակել է կատարել վարչապետին վերապահված լիազորությունները: Ըստ էության, առաջին հիմքը վերաբերել է այդ հանգամանքին: Երկրորդ հիմքը վերաբերում է քվեարկության օրը կիրառված վարչական ռեսուրսներին, երրորդ հիմքը ներկայացված դիմումով վերաբերում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Փաշինյանի կողմից ատելության և բռնության կոչերին»:

Քվեարկութան արդյունքներն անվավեր ճանաչելու ծավալուն դիմում էր ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը։ Պնդում են՝ իշխանությունն ընտրական գործընթացը սկսել է Սահմանադրության խախտմամբ. վարչապետը շրջանցել է արտահերթ ընտրություններ նշանակելու սահմանադրական դրույթները, պաշտոնական դիրքի չարաշահում է եղել, ու կիրառվել է վարչական ռեսուրս։

«Հաջորդ հիմքը վերաբերում է հետապնդումներին և այդպիսով ընտրության արդյունքների վրա ազդելուն ուղղված այլ միջոցառումների կիրառման փաստերին», — ընթերցեց Մուկուչյանը:

Ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում խաթարվել է հավասարության սկզբունքը, Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո շարունակել է պաշտոնավարել ընդհուպ ընտրական գործընթացների փուլում։ Վարչական դատարանն է անգամ վճռել, որ իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել, մանրամասնեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Այլևս փաստ է, որ այս գործընթացում նման տեսակ միջոց օգտագործվել է: Մյուս հանգամանքը, որը ևս շատ կարևոր է, դա այն է, որ շատ կարճ ժամանակահատված կազմող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մի քանի օր անընդմեջ պարունակել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ: Վարչական դատարանը նաև շատ հստակ նշված հանգամանքը դիտարկել է ընտրական օրենսդրության խախտումների լույսի ներքո, այդ թվում` արձանագրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը», — նշեց Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանը որպես խախտում հիշատակեց զինծառայողների ուղղորդված քվեարկելը։ Ըստ Վարդևանյանի՝ խնդիր է նաև, որ ավելի քան հարյուր հազար ընտրողի անձնագրային տվյալներ ստեղնաշարով են մուտքագրվել։ Մտահոգված էր, որ այն կարող է ընտրակեղծարարության գործիքներից մեկը լինել. «Կարո՞ղ են լինել թերություններ տեխնիկական բնույթի, իհարկե կարող են, բայց երբ ցանկացած ընտրական տեղամաս, որը համակցության մեջ դիտարկում ենք թվաքանակը, մշտապես ավելանում են «Հայաստան» դաշինքի ձայները: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ են ի սկզբանե պակասած լինում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանեցին, թե նախորդ ընտրություններում ավելի մեծ թվով քաղաքացիների անձնագրային տվյալներ են ստեղնաշարով մուտքագրել։ Դա տեխնիկական խնդիր է, որը լինում է նաև շատ այլ երկրներում. «Եվ ընդամենը երեք թիվ հրապարակեմ մեր հարգելի դիմումատուի համար, որ 17 թվին այդ ընթացակարգով կտրոնների թիվը կազմել է 229 հազար 757, 18 թվականին` 138 հազար 29 և այս ընտրությունների դեպքում` 109 հազար»:

Ընտրախախտումների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի ներկայացրած հիմքերն անընդունելի են մեծամասնության քվեն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» համար։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն, արձագանքելով Վարդևանյանի փաստարկներին, ասաց` քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու փաստարկներն անհիմն են. «Դիմումը զուրկ է հիմնավորումից, դրանում բացակայում են արժանահավատ ապացուցող հաստատված փաստերը, ուստի այն ենթակա է մերժման ամբողջությամբ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր ուժերի՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում։

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները դեռ վերջնական որոշում չունեն՝ մանդատները վերցնելու են, թե վայր են դնելու։ «Հայաստան» դաշինքը 29 մանդատ է ստացել, «Պատիվ ունեմ»-ը՝ 7, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest