Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կրկին մերժեց փոխել 65-ամյա Սողոմոն Հակոբյանի խափանման միջոց կալանքը։

Ամբաստանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի, երկու անգամ սրտի վիրահատության է ենթարկվել, ունի զարկերակային հիպերտենզիա և երկրորդ կարգի շաքարային դիաբետ, սակայն այս բոլոր հանգամանքներն անտեսվեցին դատարանի կողմից։

Երկու տարի անազատության մեջ գտնվող Հակոբյանը մեղադրվում է Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի համար։

2019 թվականի հուլիսի 6-ին միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, ապա հրդեհը տարածվել է ևս երկու ավտոմեքենաներում: Մահացել էր 7 մարդ, 4 ուղևոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Խափանման միջոցի փոփոխման այս միջնորդությունը պաշտպան Մոնիկա Մարգարյանը դեռ մայիս ամիս էր ներկայացրել, դատավարության մյուս կողմերն իրենց դիրքորոշումները ևս հայտնել էին, սակայն նիստն ընդհատվել էր աշխատանքային ժամի ավարտի պատճառով։

Այսօր, թերևս, դատարանն արդեն իսկ պետք է միջնորդության որոշումը հրապարակեր, այնինչ դատավոր Պետրոսյանը կրկին որոշեց պաշտպանական կողմին դիմել՝ հաստատո՞ւմ է նախորդ միջնորդությունը։ Մարգարյանի դրական պատասխանից հետո, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ երկու ժամով, փաստացի ժամանակ չթողնել նիստի շարունակության համար։

Որոշումը հրապարակվեց 17:50 րոպեին, ինչից հետո դատական նիստը հետաձգվեց։

«Այն հանգամանքները, որոնք դատարանին կաշկանդում էին պաշտպանյալիս խափանման միջոցը փոխել,այս պահին վերացել են։ Բոլոր վկաների, փորձագետի, տուժողների, տուժողների իրավահաջորդների ցուցմունքները հետազոտվել և արձանագրվել են, ուստի քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու առանց այն էլ գոյություն չունեցող վտանգը, այս փուլում արդեն՝ անգամ որպես ձևական հիմնավորում, էլ ողջամիտ չէ»,- իր միջնորդության մեջ նշել էր պաշտպան Մարգարյանը։

Պաշտպանական կողմը նախաքննության և դատաքննության ընթացքում մի քանի անգամ միջնորդել է դատարանին փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավով։ Սակայն երկու դեպքում էլ, ինչպես

Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները մերժել են միջնորդությունը, մի դեպքում պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով Հակոբյանը կխոչընդոտի գործի քննությանը, մյուս դեպքում էլ՝ կխուսափի վարույթն իրականացնող անձանցից։

Սողոմոն Հակոբյանը գործով անցնող միակ մեղադրյալն է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Վթարի հետևանքներից զերծ չի մնացել նաև 65-ամյա ամբաստանյալը․ դեպքից հետո նա վիրահատվել և երկար ժամանակ ստոցիանար բուժում է ստացել հիվանդանոցում։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest