Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցը լրացուցիչ նամակներով ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը`
1) Եվրոպական խորհրդի նախագահին
2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին
3) Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:
Նշվում է, որ տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված:
«Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:
Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ:
Համացանցում է հայտնվել մի հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից Շուշի մեկնելու ճանապարհին, որին միջամտում է Էրդողանի կինը։ Նա հորդորում է Ալիևին ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։
Տեսանյութում Ալիևն Էրդողանին ասում է, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։ Խոսակցությանը միջամտում է Էրդողնի կինը՝ Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կան արդյոք էլի հայ գերիներ։ Դրական պատասխան ստանալով Ալիևից՝ նա ասում է, թե ուրեմն մաս-մաս տվեք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: