«Պատիվ ունեմ» դաշինքն առաջիկայում որոշում կկայացնի՝ վերցնո՞ւմ է Ազգային ժողովի մանդատները, և եթե որոշումը դրական լինի, դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը նույնպես կընդունի պատգամավորի մանդատը, այսօր լրագորղների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» դաշինքը գլախավորող Վանեցյանը։

Հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան երեք ուժ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացավ ավելի քան 66 հազար ձայն, կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5,23 տոկոսը ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Թեև դաշինքների համար անցողիկ շեմը 7 տոկոս է, սակայն Վանեցյանի գլխավորած ուժը խորհրդարան անցավ Սահմանադրության այն պահանջի համաձայն, որ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում պետք է ներկայացված լինի առնվազն երեք քաղաքական ուժ։

«Ինչ վերաբերում է անձամբ մանդատ ես վերցնելու եմ թե ոչ, ապա եթե դաշինքը որոշում կայացվի, դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդրարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատբներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար. Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»։

Վանեցյանը մանրամասնեց՝ Ազգային ժողովի մանդատները վերցնելու որոշումը կկայացվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո.

«Ես չեմ ասել, որ մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները։ Ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որ տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, և քննարկվում է հարց այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու։

Եվ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Կամ չընդունելով՝ այնուամենայնիվ շարունակում ենք գնա՞լ խորհրդարան, թե՞ որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան. Եկեք ֆիքսենք, որ մենք կխոսենք ընտրությունների արդյունքները մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest