«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատը վերցնելու ցանկություն չունի, քանի որ իր աշխատանքը օրենսդիր մարմնում չի պատկերացնում։

Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած հետընտրական մամուլի ասուլիսին։

Քոչարյանի խոսքով իրենք այս մասին քննարկում են ունեցել դաշինքում, մի մասը նշել է, որ երկրորդ նախագահը պետք է վերցնի մանդատը, իսկ մյուս մասը դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, դաշինքի առաջնորդը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չունեն։

«Մենք լուրջ մանդատ են ստացել  պայքարը շարունակելու համար, և խորհրդարանական պայքարը միայն ուժեղացնելու է այդ դիրքերը, չնայած որ դրան զուգահեռ չենք բացառում նաև փողոցային պայքարը։ «Հայաստան» դաշինքի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումներով այլ պատկեր էին ցույց տալիս։ Այստեղ պետք է փորձել գտնել բացատրություն։ Ենթադրում եմ, որ եղել են զանգվածային ընտրախախտումներ, մասնավորապես վարչական ռեսուրսի կիրառում, և այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Հավաքագրվում են խախտումների մասին նյութերը և մի քանի օրվա ընթացքում ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ ծավալի խախտումներ են եղել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ իշխանություների ստացած ձայները իշխանությունների նկատմամբ վստահության մանդատ չեն։ Իր տպավորությամբ՝ քարոզարշավը մեկ-երկու շաբաթ ավելի երկար տևելու պարագայում, կփոխեին գյուղական համայնքներում ՔՊ-ի գրանցած արդյունքները։

Հարցին, թե ինչ պահանջով են դիմելու Սահմանադրական դատարան, Քոչարյանը նշեց, որ դեռևս ինֆորմացիայի հավաքագրման փուլում են գտնվում և ամենօրյա ռեժիմով են ստանում խախտումների մասին տեղեկությունները։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի կարծիքով՝ ՍԴ-ն գոնե է պետք է արձանագրի, որ ընտրություններն անցել են ընտրախախտումներով։

«Մենք ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար։ Հիմա հավաքագրվում են բոլոր այդ նյութերը, որ մի քանի օրվա ընթացքում դասավորենք և ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար։ Այն մանդատը , որը ստացել է այս իշխանությունը, իրենց նկատմամբ վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են ավելի մարդաշատ և հզոր էներգետիկայով, քան իշխանության հավաքները»։

Քոչարյանը, մատնանշելով «Հայաստան» դաշինքը քվեները, նշում է՝ սա նշանակում է լուրջ կարգավիճակ․ Եթե դուք նայեք, թե ինչ կատարվեց ընդդիմադիր դաշտի հետ «Հայաստան» դաշինքի ձևավորվելուց հետո, կնկատեք, որ մեր մուտքը կարճ ժամանակահատվածում փոխեց ամբողջ ընդդիմադիր դաշտը․

«Քաղաքական դաշտում մեր հայտնվելուց հետո ցունամի եղավ և դա շարունակվելու է, եթե հնարավորություն ունենայինք ավելի ակտիվ աշխատելու, կտեսնեիք, մեր արդյունքներն ուր էր հասնելու։ Խորհրդարանական խմբակցությունն ունի բազմաթիվ լծակներ։ Այդ տեսանկյունից մեր պայքարի համար ստանալու ենք լրացուցիչ գործիքակազմ»։

Դիտարկմանը, արդյոք իրենց ուժի ունեցած մանդատների քանակը բավարա՞ր է խորհրդարանում սահմանադրական օրենքներն ընդունել-չընդունելու վրա ազդեցություն ունենալու համար, Քոչարյանը նկատեց՝ խորհրդարանական խմբակցությունն ունի բազում հնարավորություններ ընդհուպ հանձնաժողովներ ստեղծել, ինչ-որ հարցեր ուսումնասիրել, կառավարությունից պահանջել որոշակի փաստաթղթեր գործառույթների վերաբերյալ․

«Վստահ եղեք, որ ոչ թե պայքարի մյուս ձևերը մոռանալու ենք և զբաղվենք սրանով, համակարգված այս լծակներն իրար հետ միասին կիրառվելու ենք այս իշխանության դեմ պայքարի համար»,-նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին «հաշտության ձեռք» մեկնելու և նրա հետ հաշտության գնալու վերաբերյալ լրագրողի հարցին՝ նախկին նախագահը պատասխանեց, որ «հաշտության ձեռք» չի նկատել։ Ավելին, վերջինիս դիտարկմամբ՝ սա ոճ է դիտորդներին կամ ինչ որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար․ ավելի շատ՝ դրսի աշխարհին․

«Եթե իրենք իսկապես նման տրամադրություն ունեն, ապա պետք է առնվազն մի վեց ամիս պահեն իրենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է։ Չեմ կարող հավատալ, երբ այս պահին մեր հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ մի անհեթեթ մեղադրանքով։ 5000 զոհի մեղավոր և պատասխանատու դարձած անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որ հազարավոր կյանք է փրկել։ Սա այս իշխանության իրական դեմքն է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով՝ վերջիններս կոչերն ունեն զրոյական արժեք։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով Քոչարյանի ղեկավարած դաշինքը երկրորդ տեղում է՝ ստանալով ընտրողների 21,04 տոկոսի ձայները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest