«Արտահերթ ընտրությունների ընթացքում եղել են հատուկենտ ծեծկռտուքի դեպքեր»,- այս մասին ահազանգում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և շեշտելով, որ դրանք հիմնականում եղել են ձայների հաշվարկի ընթացքում:

«Քվեարկության ընթացքում արձանագրվել է 52 էական խախտում, որոնց վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում և 1 վարչական բողոք:  Քարոզարշավի ժամանակահատվածն էլ ներառյալ  «Անկախ դիտորդը» իրավապահ մարմիններին ուղարկել է հանցագործության մասին 30 հաղորդում, որոնց ծանրակշիռ մասը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին, հաջորդը՝ ընտրողների վրա ապօրինի ազդեցության և այլ դրսևորումները»:

Իոաննիսյանի խոսքով՝ դիտորդները ստացել են բազմաթիվ ահազանգեր կապված ընտրակաշառքի բաժանման, գործատուների՝ ապօրինաբար աշխատողների վրա ազդելու վերաբերյալ.

«Մասնավորապես բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը: Ինչպես նաև մի խումբ ձեռնարկությունների կողմից աշխատակիցների վրա ապօրինաբար ազդեցության դեպքերը կապված կրկին «Հայաստան» դաշինքի հետ: Այդպիսի ձեռնարկություններից են՝ «Գազպրոմ Արմենիա», «ՀԷՑ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն: Նույն ուժի հանարհավաքների մասնակցման և նույն ուժի օգտին քվեարկելու պարտադրանքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր և փաստեր նույնպես ունեցել ենք»:

Դանիել Իոաննսյանի խոսքով՝ այդպիսի դեպքեր եղել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապված. «ՔՊ-ի հետ կապված ունեցել ենք ընտրական հավաքներին և ժողովներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգեր»,-ասաց դիտորդական կազմակերպության ներկայացուցիչը:

Քվեարկության օրն աչքի ընկավ համեմատաբար հանդարտ ընթացքով, թեեւ մի քանի միջադեպ այնուհանդերձ գրանցվեց: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/18 տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի մասնակցությամբ:

Մասնավորապես, ընտրատեղամասի փակվելուց հետո ծագել է բուռն վիճաբանություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց միջև: Վիճաբանության ընթացքում ՔՊ-ի վստահված անձը հանդես է եկել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով՝ «գլխիցդ կխփեմ»: Միջադեպի արդյունքում ընտրատեղամասից դուրս հրավիրվեց «Հայաստան» դաշինքի վստահված անձը: Հարկ է նկատել, որ նշված միջադեպը տեղի էր ունենում հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների փաստացի անգործության պայմաններում:

Նույն ընտրատեղամասում  Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նույն վստահված անձը վիճաբանություն է ունեցել «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանի հետ, որի ժամանակ նրա ուղղությամբ աթոռ է նետել: Սահակյանն ի պատասխան հետ է նետում աթոռը, որը, սակայն, դիպչում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձին՝ վնասելով նրան:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը հնչեցին նաեւ կրակոցներ: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրա կրակել են, ինչից վնասվել էր մեքենայի դիմապակին:

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով,որ հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելու կասկածանքով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest