Հույզերի վրա խաղալով՝ ձայներ շահել. քարոզարշավ 2021-ը կողքի հայացքով

141

ԱԺ -2021 քարոզարշավը առանձնացավ հայհոյանքի, փոխադարձ վիրավրանքների ու սպառնալիքների աննախադեպ քանակությամբ: Սա նկատում էին մրցակցող քաղաքական ուժերը, մամուլը, իրավապաշտպանները, աշխարհասփյուռ հայությունը, որը դրսից էին դիտում Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացը:

«Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» ղեկավար Արամ Մկրտչյանը, որը բնակվում է  Գերմանիայում, քարոզարշավի օրերին նույնիսկ դիմել է ՀՀ դատախազություն և ԿԸՀ, պահանջելով, որ ԿԸՀ նիստ հրավիրվի և քննարկվեն հունիսի 7,8, 9-ին բռնության և հաշվեհարդարների կոչերով հանդես եկած վարչապետների թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու հարցը:

Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Արամ Մկրտչյանին պատասխանել է, որ «Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Նիկոլ Փաշինյան» հրապարակման կապակցությամբ պատրաստվում են նյութեր, իսկ «ես դրան 24 ժամ եմ տալիս. Սերժ Սարգսյան» և «Բանավեճի ցանկություն  չկա, բայց դուելի պատրաստ եմ յուրաքանչյուր զենքի տեսակով. Ռոբերտ Քոչարյան» հրապարակումները կրող լազերային սկավառակները ուղարկվել են Արագածոտնի և Գեղարքունիքի քննչական կոմիտեներ, այնտեղ, որտեղ հնչել են սպառնալիքները,  նյութեր նախապատրաստելու հարցը լուծելու համար:

«Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության ղեկավարը Forrights.am պարբերականի հետ զրույցում ասաց, որ ուշադիր հետևել է քարոզարշավին և նկատել է, որ երեք կողմերն էլ իրար հետևից հանդեսեն եկել բռնության կոչերով։ «Հասկանալով, որ  հասարակական միջամտության կարիք կա,  դիմել եմ ԿԸՀ և դատախազությանը վերահսկողության տակ պահել գործընթացը և օրեքի պարտադրմամաբ կասեցնել հնարավոր հաշվերարդարները իրար նկատմամամբ: ԿԸՀ պատասխանը գոհացուցիչ չէր, այն ըստ էության, մերժեց իմ դիմում- բողոքը։ Իսկ ահա դատախազությունը տեղեկացրեց,որ նյութեր են պատրաստվում գործ կազմելու համար։ Արամ Մկրտչյանին խնդրեցինք գնահատել անցած քարոզարշավը: «Քարոզարշավը արվում է վթարային պայմաններում։ Հենց սկզբից  հայտարարվեց երկու բևեռների՝Փաշինյան և Քոչարյան, պայքարի  մասին: Իմ  գնահատմամաբ քարոզարշավը անբովանդակ էր, բացակայում էր սուբյեկտը, բոլորը իրենց գործունեությունը իրականացնում էին անձ-անձ ձևաչափով։ Ընտրությունը լավ ռուսամետ-վատ ռուսամետ ձևաչափով էր արված։ Միավորվելու փորձերը ազգային պետության տարածքում տապալվեցին  ծրագրերի մեջ հիմնադրույթների բա ցակայության պատճառով», — պատասխանեց նա:

Իսկ ի՞նչ թերություններ, արատներ են նկատել քարոզարշավի ընթացքում իրավապաշտպանները: Հարցի շուրջ զրուցեցինք «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի և իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

 «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը համարում է, որ այս քարոզարշավում գաղափարներ ու ռեալ ծրագրեր առաջարկողները տեսանելի չէին, իսկ հիմնական խաղացողներ հռչակված Քոչարյան, Փաշինյան, Սերժ Սարգսյանը զրոյացրեցին այն բոլոր բարձունքները, որոնց Հայաստանը կարողացել էր հասնել իր նկատմամբ հարգանքի առումով: «Ի վերջո, խոսքը ոչ թե առաջին կուրսի ուսանողների մասին է, այլ իրենց քաղաքական գործիչ համարող մարդկանց, որոնց թիվ մեկ խնդիրը պետք է լինի պետության բարի համբավը, պետության մասին կարծիք կազմելը նաև դրսից: Ես հանդիպում եմ իմ միջազգային գործընկերներին, մի կերպ թարգմանում եմ այն հայհոյանքը, որը հնչում էր ամբիոններից, եթերներից, ու նրանց զարմանքը չափ ու սահման չունի: Նրան ց համար սա ընկալելի պրոցես չի, անգամ երրորդ երկրներին հարիր վիճակ չի», — ասում է Կարապետյանցը:

«Սպառնալիքն ու վիրավորանքը հասել են տիեզերական մաշտաբի»

Ըստ նրա, ատելությունը, երեք տարի հասունանալով, հասավ կուլմինացիայի նախընտրական փուլում: «Ինչ-որ մի կողմը պետք է հասկանար, որ պետք է դադարեցնել այդ բառապաշարով խոսելը: Ես ակնկալում էի  միամտաբար, որ իշխանությունը, որը ժողովրդավարական արժեքների կրող էր, ինքը դա կանի, բայց իրենք չունեցան այլ ասելիք, բացի մեղադրանքներից, հայհոյանքից ու սպառնալիքներից: Մյուս կողմից ես սպասելիք չեմ ունեցել, ոչ իրենց պաշտոնավարման տարիներին, ոչ էլ մերժվելուց հետո: Իմ սպասելիքը նորերից էր»: Ինչո՞ւ այդպես եղավ, նախկինում էլ ատելությունը շատ էր, ինչո՞ւ հիմա հանկարծ պայթեց: «Որովհետև նախկինում հանցավոր ռեժիմները վստահ են եղել իրենց ուժերին, գործող իշխանությունները՝ հանցավոր ռեժիմները, վստահ են եղել, որ ինչքան կուզեն, այդքան կխփեն, որ կեղծ տեղեկանքներով կգան ու կմասնակցեն նախագահական ընտրությունների ու կանցնեն: Նրանք կարիք չունեին անցնելու այս բառապաշարի: Իսկ ընդդիմությունը ամեն դեպքում ուներ մտավախություն, որ եթե «Պրիվետ, Ռոբ»-ի համար կարող էին մարդ սպանեին, այս բառապաշարի համար իրենց ուղղակի կսատկացնեին»:

«Սա հայհոյարշավ էր, ոչ քարոզարշավ».Վարդան Հարությունյան

Հայաստանում եղել են տարբեր տեսակի քարոզարշավներ՝ որակյալ, անորակ, ընտրակեղծիքներով, քարոզարշավի օրենքները խախտելով: Բայց նման ցածր մակարդակի քարոզարշավ, լեզվակռիվ, գզվռտոց չէր եղել երբևէ: Շրիշակից էլ ներքև էր այդ մակարդակը, և տոնը տալիս էր իշխանությունը: Նա էր տանող ուժը, ներքև իջեցնող, արատավորող ուժը, և նրան երկրորդում էր հիմնական մրցակից ուժը Քոչարյան Ռոբերտի գլխավորությամբ: Այս երկու ուժերը կարողացան ապացուցել, որ  մենք կարող ենք իջնել էլ ավելի ներքև, քան հնարավոր էր», — սա իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատականն է: Նրան հարցրեցինք, թե արդյոք կարելի էր զոհվածների, գերիների թեմաները, Եռաբլուրի, պատերազմի կադրերը այդքան օգտագործել գովազդային հոլովակներում, արդյոք սա շահարկում չի, թե՞ սա մեր ցավերից, ընթացիկ խնդիրներից բխող մտահոգություններ էին, որ արտահայտվում էին քաղաքական ուժերի կողմից: Ըստ Վարդան Հարությունյանի, նման մեթոդով ձայներ հավաքելը անթուլատրելի է:

«Եթե վերանանք բոլոր ուժերից, ընդհանոր առմամբ սա մեր ընդհանուր խնդիրն ու ցավն է, մենք դրա մասին խոսում ենք տներում, բակերում, շատ նորմալ է դա: Բայց երբ քարոզարշավի մեջ է դա օգտագործվում, դա արդեն շահարկում է, որովհետև փորձում են օգտագործել մարդկանց հույզերն ու զգացմունքները, խաղալ դրանց վրա ու խաղալով՝ ձայներ շահել, ինչը վիրավորական է: Ես միշտ, նախկինում էլ կարծել եմ, որ ընտրությունը պետք ոչ թե հույզերի ալիքի, այլ սառը դատողության վրա հիմնված լինի:  Հուզականության վրա հիմնված ընտրության արդյունքների հայտարարման հաջորդ օրը ընտրություն կատարած անձինք արդեն զղջում են իրենց կատարած ընտրության համար, որպես կանոն», — ասաց իրավապաշտպանը:

Նա կցանկանար, որ մեր ցավոտ հարցերը՝ գերիներ, զոհեր, պատերազմի արդյունք, ղարաբաղ, չշահարկվեն: «Մենք մեր վերջին 30 տարիները հիմնականում հենց Ղարաբաղի, պատերազմի խնդիրը շահարկելով ենք հասել այսօրվա վիճակին, այսօրվա պարտությանը, կորուստներին, այս փակուղուն, որից ելք չենք կարողանում գտնել, ու այս ընտրությունները, կարծում եմ, նորից ելք չեն լինելու»:

Սյուզան Սիմոնյան