ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում է 96 ԱՊՀ դիտորդ:

Այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

«Այսօր առավոտից ԱՊՀ դիտորդները մասնակցել են ընտրատեղամասերի բացմանը Երևանում: Բացումից հետո նրանցից շատերը շրջաններում են, դիտարկելու են, թե ինչպես է ընթանում քվեարկության գործընթացը»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն անձամբ է ընտրատեղամասերից մեկի բացմանը ներկա եղել:

Առաքելության ղեկավարը շեշտեց, որ ընտրատեղամասի բացումը եղել է ժամանակին: Դիտարկվել են նաև սարքավորումները, օրինակ, տեսախցիկները և այլն: Նա արդեն հասցրել է մի քանի ընտրատեղամասերում լինել: «Օրինակ՝ վերջին դպրոցում 10:20-ի դրությամբ քվեարկել էր արդեն տեղամասի ընտրողների 15 տոկոսը: Այսպիսով, մենք ընտրողների ակտիվություն ենք տեսել»,- ասաց առաքելության ղեկավարը:

Հայաստանի հրավերով ԱՊՀ դիտորդները սկսել են աշխատել մայիսի 31-ից: Դիտորդություն է իրականացնում 96 դիտորդ՝ ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  Ռուս-բելառուսական միությունից և ԱՊՀ աշխատակիցներ: «Նրանց թվում կան շատ փորձառու դիվանագետներ, պատգամավորներ, մարդիկ, որոնք մասնակցել են շատ ընտրությունների:  Փորձառու անձանցից ենք ձևավորել ԱՊՀ դիտորդական առաքելությունը»,- վստահեցրեց առաքելության ղեկավարը:

Դիտորդները Հայաստանում շատ տեղեր են այցելել, քննարկումներ իրականացրել, ընտրատեղամասերի փակումից հետո նրանք նույնպես կաշխատեն, դիտորդական առաքելության գնահատականը կկազմեն այսօր երեկոյան: «Կհավաքվենք, կքննարկենք, կպատրաստենք միանգամայն օբյեկտիվ փաստաթուղթ»,- վստահեցրեց նա:

Առաքելության ղեկավարը շեշտեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է կատարել, կազմակերպել, անցկացրել է դասընթացներ, վերապատրաստումներ և այլն: «Նրանք պատրաստվել են, որ ընտրություններն անցկացվեն բարձր, կազմակերպված մակարդակով»,- ասաց նա:

Առաքելության ղեկավարը նկատեց՝ 21 կուսակցություն և 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: «Սա արդեն խոսում է այն մասին, որ ընտրողների համար ստեղծված է ընտրության հնարավորություն, նրանք կարող են ընտրել ցանկացածին»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ դա արդեն դեմոկրատիա է:

Առաքելությունը մինչ այս պահը խախտումներ չի ֆիքսել:

Pin It on Pinterest