Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 18-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի տնօրենը, օգտագործելով աշխատողների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, առերևույթ խոչընդոտել է նրանցից մեկին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, միաժամանակ հարկադրել վերջինիս և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպած նախընտրական քարոզչությանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով [Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով]։

Կոմիտեն նշում է, որ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են մշակույթի կենտրոնի աշխատակիցները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

«Մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է՝ ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ աշխատակցի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով», — հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest